Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-1980)։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թվականներին)։ 1987 թվականին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993 թվականից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) և ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության և քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999թ. Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը: 1999 թվականի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։

Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս կոչմանը։

«Գոյատևելու համար մեզ պարտադրված է ունենալ ուժեղ բանակ...»

Փա՛ռք քեզ, ո՛վ հայոց Սպարապետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել