Կանանց միջազգային տոնը սարերի ետևում չէ։ Եթե սանրվածքն արդեն ընտրել եք, ապա արդեն make-up-ի ձևը որոշելու ժամանակն է։ Այսպիսով՝ ինչպիսի՞ն պետք է այն լինի՝ վա՞ռ, թե՞ նեյտրալ։ ՄԵնք որոշեցինք խորհել այս թեմայի շուրջ՝ ուսումնասիրելով Նյու Յորքի և Միլանի նորաձևության շաբաթը։ Մենք առանձնացրեցինք գարնանային դիմահարդարման 5 տարբերակ. այս կերպարներից յուրաքանչյուրը մարտի 8-ի համար շատ հարմար է։ 

 Բնական դիմահարդարում

Ամենանուրբ դիմահարդարման տարբերակներ են առաջարկվել Prada-ի ցուցադրության ժամանակ. քիչ կոսմետիկա, դեմքի իդեալական երանգ, այտերի վրա մի փոքր վարդագույն սնգույր և բեժ գույնի շրթներկ։ Արդյունքում դեմքն ավելի թարմ և հանգիստ տեսք է ունենում։ Այս տեսակի դիմահարդարումը հավաքած մազերի հետ լավ կնայվի։ 

Prada

Նարնջագույնի երանգներ

Giorgio Armani-ի դիմահարդարների կարծիքով՝ նարնջագույն երանգներով գարնանային դիմահարդարումից լավ բան չկա։ Այն իսկապես շքեղ տեսք ունի և տոնի համար հարմար է։ Այն ունի հետևյալ տեսքը. թարթիչներին սև թարթիչաներկ է քսած, հոնքերը մուգ մատիտով ընդգծված են, կոպերին նարնջագույն ստվերաներկ են քսում, իսկ վերևից մոխրագույն գիծ են տանում։ 

Giorgio Armani

Վառ շրթներկ

Julien Macdonald-ի ցուցադրության ժամանակ դիմահարդարները ներկայացրել են ամենապարզ, բայց միևնույն ժամանակ ամենաազդեցիկ կերպարներից մեկը։ Նրանք շեշտը դրել են շուրթերի վրա՝ ընտրելով բալագույն շրթներկ։ Այս կերպարի միակ լրացումը կարող են լինել արհեստական թարթիչները, որոնք հայացքն ավելի արտահայտիչ են դարձնում։ Այս տեսակի դիմահարդարումը շահեկան տեսք կունենա և՛ հասարակ սվիտերով, և՛ երեկոյան զգեստով։ 

Julien Macdonald

Սարդ-թարթիչներ+մանուշակագույն շրթներկ

Nanette Lepore ցուցադրության դիմահարդարները փորձել են ավելի համարձակ կերպար ստանալ։ Թարթիչներն այնքան շատ են ներկել, որ սկսում են «թափվել», իսկ շրթունքներին քսել են վառ մանուշակագույն շրթներկ։ Այս տեսակի դիմահարդարումն ավելի շատ հարմար կլինի համարձակ աղջիկների համար, բայց դրա համար պետք է համապատասխան հագուստ ընտրել, այլապես կարող եք անփույթ տեսք ունենալ։ 

Nanette Lepore

Կրկնակի սլաքներ

Ի՞նչ գարնանային դիմահարդարում առանց սլաքի։ Ո՛չ մի դեպքում։ The Blonds-ի ցուցադրության ժամանակ դիմահարդարները շեշտը դրել են աչքերի վրա՝ իրենց նախապատվությունը տալով կրկնակի սլաքներին։ Որպեսզի միայն աչքերի վրա ուշադրություն չդարձնեն, շուրթերը ներկել են բաց նարնջագույն երանգով։ Make-up-ը բավականին արտասովոր է ստացվել։ 

The Blonds

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել