Այսօր Հայաստանում խնդիրներ կան՝ գյուղմթերքների իրացման և արտահանման, ոռոգման, ագրոսերվիսի, պարարտացման և թունաքիմիկատներով ապահովման, առաջնային վերամշակման և իրացման, գյուղացիական աշխատանքների ֆինանսավորման, բերքի ապահովագրման, բանկային վարկերի սպասարկման խնդիրների հետ և այլ ոլորտներում:

Ստեղծված վիճակում իսկապես խնդիր է դարձրել գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ագրարային ոլորտում պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է գյուղացիական կոոպերացիայի խթանումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն ենթարկվել է միջազգային փորձաքննության, ներկայումս քննարկումների և լրամշակման փուլում է:

Համաշխարհային Բանկի աջակցությամբ Կառավարությունը իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվ.-ին շարունակվելու է վերը նշված ծրագրի երկրորդ փուլը, որի առանցքային դրույթներից է լինելու հատկապես Հայաստանում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը:

Նշենք, որ այդ ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզերի 91 համայնքներում արդեն ձևավորվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, որի անդամներ են դարձել շուրջ 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այդ կոոպերատիվներին տրամադրվել է 545 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 124 անվավոր տրակտորներ, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց, կատարվել է արոտների ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ, կառուցվել են 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոններ, իրականացվել է խորհրդատվություն և այլ բնույթի աջակցություն:

Ամփոփելով նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացումը բարդ և երկարատև գործընթաց է, իսկ կոոպերատիվների կայացումը հիմնված է կամավորության վրա, և այստեղ ամենակարևորը դրան նպաստելու համար, բնականաբար, համապատասխան միջավայր ձևավորելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել