BlogNews.am-ը զրուցել է «100 դուռ» ֆոտոնախագծի ղեկավար, ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հետ, ով կիսվել է մեզ հետ իր «100 դուռ» նախագծի մանրամասներով։ Դրա մտահղացումը Եղոյանին այցելել է 2012 թվականին լրիվ պատահաբար, երբ Սուրբ Հռիփսիմե տաճարում գտնվելու ժամանակ նկատել է, թե ինչպես է արևի ճառագայթը շատ գեղեցիկ ընկել եկեղեցու դռան վրա, ու նա շտապել է հավերժացնել այդ պահը բջջային տեսախցիկի միջոցով։ Այդ պահին ասես ներքին ձայնը հուշել է ռեժիսորին, որ նա պետք է կազմակերպի «100 դուռ» ցուցահանդեսը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Ֆոտոնախագծի գաղափարը կայանում է նրանում, որ լուսանկարվելու են 100 հայկական եկեղեցիների դռներ, իսկ հետո այդ լուսանկարների լայնաֆորմատ տարբերակները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի ապրիլ ամսին Երևանում և մայիսին Ստամբուլում։ Բացի լուսանկարներից, ներկայացվելու է 15-20 րոպեանոց ֆիլմ, որտեղ կպատմվի, թե ինչպես է կյանքի կոչվել այս նախագիծը։

«100 դուռ» նախագծի շրջանակներում Խաչիկ Եղոյանն ու նախագծի լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը լուսանկարել են արդեն 70 եկեղեցիներ Հայաստանում, Արցախում, Արևմտյան Հայաստանում և Ջավախքում ու դեռ 30 եկեղեցի էլ լուսանկարելու են մինչև ապրիլ ամիս։ Նախաձեռնությունն իր «Մեր վերքերը դեռ բաց են» կարգախոսը փոխառել է ամերիկահայ R-Mean ռեփերից, ու ծրագրի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը հատուկ ընդգծեց իր երախտագիտությունը մեր հայրենակցին։

Ձմռանը նկարահանման աշխատանքները ժամանակավորապես կանգ առան, ու ծագեց հետաքրքիր մի ֆլեշմոբի գաղափար, որը կայանում էր նրանում, որ տարբեր հայտնի ու սովորական մարդիկ լուսանկարվեն նախաձեռնության շապիկով ու հրապարակեն այդ լուսանկարները սոցիալական ցանցերում։ Եղոյանը նաև հավելեց, որ ներկայումս նկարահանումները շարունակվում են, իսկ ցանցում թափ հավաքած ֆլեշմոբին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ լուսանկարվելով «100 դուռ» նախագծի շապիկով։ Դրա համար պարզապես պետք է այցելել Տերյան փողոցի վրա գտնվող «Ռետրո» ստուդիա, որտեղ ձեզ անվճար կլուսանկարեն նախաձեռնության շապիկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել