Կան կանայք, որ չեն հաշտվում ուրիշ կնոջ գեղեցկության հետ, ուրիշի գեղեցկության փաստից էնքան են վատանում, որ մոռանում են... ապրել: 
Դա զուտ կանացի հոգեվիճակ է, որքան տեսել եմ: Տղամարդն ավելի մնայուն բաներին է նախանձում, հավանաբար: 
Աստված իրենց հետ՝ բամբասելով յոլա են գնում: 
Մի առանձին ուշադրության են արժանի, սակայն, էն առանձնյակները, որ որպես անձնական վիրավորանք են ընկալում ուրիշի ինքնատիպ միտքը: Սույն սակավամիտները մի այլ կարգի են նեղվում, երբ հանկարծ ներքուստ զգում են, որ իրենցից խելոքներն էլ կան: Ու կորցնում են անդորրը, սկսում են նախատել ու «խելոք մնալու» անանուն կոչեր ցփնել:
Ինչ լավ է պրծել Արիստոտելը. տրամաբանության մեկը մեկից դաժան դասեր պիտի ստանար, Պլատոնը՝ երկխոսության, եթե ֆբ-ական լինեին: Հեգելը «համաշխարհային ոգու» մասին խոսք անգամ պիտի չգրեր, որովհետև կվիրավորեր տնաբույս սակավամիտմներին: Չնայած գայթակղությանը՝ էլ չթվարկեմ, որ ոմանք չնեղվեն, թե ինչի եմ խոսում մի բանից, որից իրենք լավ գլուխ չեն հանում (ու ընդհանրապես, ոնց եմ հանդգնել 18 տարեկանից տարվել փիլիսոփայությամբ՝ որպես մասնագիտություն և ընտրանք)...
Չարժե, հաստատ չարժե, որ նեղվեք. ախր, բոլորիցս էլ խելոքներ կան, և... Խելոքներն էնքան շատ են, դուք որ մեկի հանդեպ նախանձի ետևից գնաք: Խելոքից խելոքները կան: Ու էդպես անվերջ: Իրականում խելոքը պատկառանք է զգում իրենցից խելքի հանդեպ: Որովհետև դա էլ է խելք: 
Իսկ նրանք, որ Սոկրատեսին մահվան դատապարտեցին «իրենցից մի բան ավելի իմանալու համար», էդպես նեղացած ու դառնացած էլ աշխարհից գնացին: 
Ասեմ՝ մի վհատվեք. դուք էլ սփոփանքներ ունեք բազմազան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել