«Սպիտակ ձիով ասպետն» ու «Քնած գեղեցկուհին» պիտանի չեն ընտանիք կազմելու համար:

Այս գրառմամբ միգուցե շատ վարդագույն ակնոցներ կոտրվեն, բայց կարդացողներին կխնդրեի մանրամասն անցկացնել սեփական արժեհամակարգային ֆիլտրով ու սրանից վերցնել միայն այն, ինչը չի վնասի Ձեզ:
Բոլոր մտքերը վերցված են սեփական ու իրական կենսափորձից, պատահական համընկնումներ չկան, ու իրենց վերջնական մարմինն են ստացել մի չքնաղ ու խելացի աղջկա հետ երկար զրույցի արդյունքում` ամբողջացնելով իմ տարիների մտորումները :
Ինչ-որ տարիքում մենք սկսում ենք հավատալ «Սպիտակ ձիով ասպետի» ու «Քնած գեղեցկուհու» միֆային կերպարին, մեզ համար ուրվագծում ենք այն կերպարը, ում կուզեինք հավերժ մեր կողքին տեսնել ու, ելնելով մեր պատկերացումներից, դաստիարակությունից, այն միջավայրից, որում մեծացել ենք, ստեղծում մի՝ գոնե մեզ համար կատարյալ կերպար, որի գալստյանը սպասում ենք: Ստացվում է այնպես, որ գնալով այդ կերպարն այնքան կատարյալ է դառնում, որ նրա ինչ-որ տեղ գոյությունը պարզապես դառնում է անհնար, քանի որ կատարյալ մարդիկ գոյություն չունեն: Մյուս կողմից, եթե անգամ նա կա ինչ-որ տեղ, ու հանդիպելու ենք երբևէ, առաջ է գալիս մի ավելի կարևոր հարց. արդյո՞ք մենք արժանի ենք նման մարդ ունենալ մեր կողքին, արդյո՞ք կարող ենք նրան տալ այն, ինչ սպասում ենք նրանից: Իհարկե, չենք կարող: Այդ գրքային սիրով կարելի է ապրել առժամանակ, երջանկանալ, տանջվել, տառապել, շնչել դրանով, արտաշնչել, գրքեր, երգեր գրել, բայց այդ վերերկրյա սերը պարզապես պիտանի չէ ընտանիք կազմելու համար: «Ընտանիքաստեղծ» սերը մի քիչ ավելի կենցաղային է, մի քիչ ավելի առօրեական: Ընտանիք ստեղծելու համար պետք է ավելի ռեալ նայել, ավելի խորությամբ գնահատել դիմացինիդ էությունը, պատկերացնել Ձեզ միասին կենցաղ վարելիս: Կարելի է գժի պես սիրել մարդու, ում հետ աշխարհայացքի, կենսակերպի, կյանքի ռիթմի առումով ոչ մի ընդհանուր բան չունես, բայց վաղ թե ուշ կենցաղը կսպանի այդ սերը՝ թողնելով մի հսկայական դատարկություն այդ տեղում: Իսկ մարդիկ, ովքեր ռեալ գնահատում ու ընդունում են իրենց ընտրյալի արժանիքներն ու թերությունները, լավ ու վատ, թույլ ու ուժեղ կողմերն ու ընտանիք կազմում, միգուցե սկզբում այն գրքային բուռն ու էմոցիոնալ պատկերը չի ստացվում, որը, որպես կանոն, ինչպես բուռն սկսվում է, այնպես էլ բուռն ավարտվում է, բայց ավելի ճիշտ, ներդաշնակ ու հետագայում այդ բուռն, խելառ, կրքոտ ու հեքիաթային լինելու ավելի մեծ շանսեր է ունենում:

Հավատացե՛ք, «Սպիտակ ձիով ասպետն» ու «Քնած գեղեցկուհին» ավելի քան կատարյալ են մեր` մահկանացուներիս համար:

Վերոնշյալ միֆային կերպարներն իրական են դառնում միայն իրենց կողքիդ ունենալուց հետո: Լայն բացեք աչքերը. միգուցե ուղղակի չե՞ք նկատում նրանց, քանի որ Ձեր սպասելիքներն առավել քան ուռճացված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել