Ինձ դուր չի գալիս այն, որ մենք մեր ցավը բրենդավորեցինք, անմոռուկային հագուստ հագցրինք, հիմա կծալենք, մի կողմ կդնենք։ Ինչ-որ դաժան բան կա այս ամենի մեջ։ Մի կողմից հասկանում եմ շուկայական աշխարհի որդիներին, մյուս կողմից, իմ էությամբ, ասում եմ՝ ՈՉ։

Մենք Հայ ենք։ Սա մեր ցավն է։ Երբ հատուկ թողարկված շապիկներով, փողկապներով գնանք եռաբլուր, տարերայնությանը, բնական խենթությանը, հիշողության վայրի բռնկումին, ինքներս մեր ձեռքով զսպաշապիկ կհագցնենք։ Սա հաստատ այսպես է։ ՍԱ ԴԵՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒՆ։ Մենք երբեք այսպիսին չենք եղել։ Մի տեսակ վրեժի ու ցասման ոգի պիտի լինի մեր գործողություններում։

Առաջարկում եմ՝ տասը տարվա մեջ մեկուկես միլիոն հայ ծնել։ Հայկական բոլոր ուժերը կիզակետել այս գերխնդրի վրա։ Ապահովել նրանց հայերեն մտածելն ու անապահով ընտանիքներին օգնել նրանց դաստիարակության հարցում։ Ես՝ Աստվածային գործերից անտեղյակս, դեմ չեմ սրբադասման արարողակարգին, բայց կարծում եմ, որ եկեղեցին էլ կարող էր լծվել այս խնդրի տարածմանն ու աջակցությանը։ Այդժամ մեր նահատակները հաստատ կգոհանային երկնքում։

Դեպի Արարատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել