Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ինչպես ասում են, արդեն ականջներս տարավ Երևանի՝ իբր ադրբեջանական քաղաք լինելու մասին հեքիաթասացություններով, իսկ ամենազավեշտալին այն է, որ, ասենք, 19-20 տարեկան միջին վիճակագրական ադրբեջանցին, դատելով տարբեր ներադրբեջանական քննարկումներից, ամենայն լրջությամբ հավատում է այդ բացահայտ ապատեղեկատվությանը:

Հետաքրքիր է սակայն, թե Բաքվի դպրոցներում ադրբեջաներենին բնորոշ ձայնավորների ներդաշնակության մասին դասի ընթացքում որևէ աշակերտի գլխում արդյո՞ք միտք չի ծագել հենց ինքն իրեն հարցնելու, թե այդ ինչպե՞ս է, որ նույն դպրոցում անցկացվող պատմության դասին «բնիկ ադրբեջանական քաղաք» հորջորջվող Հայաստանի մայրաքաղաքի ադրբեջաներենում գործածվող İrəvan անվանման մեջ կոպտորեն խախտվել է ձայնավորների ներդաշնակության օրենքը, ինչն այդ լեզվում գործածական ցանկացած բառի ոչ թյուրքական ծագման լինելու կարևոր ցուցիչներից մեկն է:

Այլ խոսքերով՝ այդ ինչպե՞ս է, որ «բնիկ ադրբեջանական քաղաքի» անվանման մեջ չի պահպանվում հենց ադրբեջաներենի լեզվական օրենքը:

Հ. Գ. Ի դեպ, նման հարցի հնչեցումից հետո քափ ու քրտինք մտած Երևանի «ադրբեջանականությունն» ապացուցող Բաքվի քարոզչամեքենայի զանկացած զոհի ուղեղում բառացիորեն տեղի է ունենում կարճ միացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել