Երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի «հանգուցալուծումը» կարծես ինչ-որ իմաստով ուրվագծում է հեռահար մի տեսլական, ինչն օրեցօր արմատավորվում ու ամրապնդվում է հասարակության ու ժողովրդի ենթագիտակցության մեջ: 
Հերթական անգամ հեղափոխական հուսախաբություն ապրած ժողովուրդը, կարծես թե հստակ հասկանալով, որ շախմատային մտքի ճկունությամբ դասավորված քաղաքական «ինտրիգներն» անկասկած հանգեցնելու են պարտիայի տրամաբանական ավարտին, հետզհետե համակերպվում է արդարացիորեն ընկալելի այն մտքի հետ, որ փոփոխությունը պետք է լինի այլևս ոչ արտահերթ, սակայն` բացառապես որակական: 
Ժողովուրդը կարծես թե հոգնել է նույն շրջանակում կրկնվող իրադարձություններից:
Ահա այստեղ, ակամայից սկսվում է ձևավորվել հասարակական ընկալումն առ այն, որ համապետական հաջորդ ընտրությունը դուրս է լինելու այդ շրջանակից:
Ժողովրդի տեսահորիզոնում թերևս ոչ անվանական, սակայն վիրտուալ կերպով հստակ նշմարվում է իսկական առաջնորդի` լիդերի կերպարը, ում անձը կմեկտեղի համաժողովրդական հեղինակությունն ու բարոյական բնութագիրը, ում անունը կապ չի ունենա թալանի, հարստահարման ու կրիմինալի հետ, ում ձեռքերը թաթախված չեն լինի արյան մեջ: 
Մարդկային այս հատկանիշները, բնականաբար, կարտացոլեն նաև տվյալ անձնավորության ինտելեկտուալ բարձր մակարդակը:
Ապագայի նման առաջնորդի շուրջ այսօր արդեն ձևավորվում է ոչ միայն հասարակական ընկալում, այլ նաև լայնաշերտ համընդհանուր պահանջ:
Իսկ նման անհատի ընտրության ժամանակ հասարակության համար որոշիչ կլինեն ոչ թե ֆինանսական կամ նյութական ատրիբուտները, այլ որակապես փոփոխված հասարակական պահանջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել