Հանրահավաքին, հատկապես առաջին նախագահի ելույթին հետևած բուռն արձագանքն, իհարկե, սպասելի էր։ Այստեղ դժվար է ինչ-որ բան ասել։ Մի տեսակ նույն շրջապտույտի մեջ ենք մտնում։ Բոլոր հարցերին Կոնգրեսն իր համեստ ուժերի ներածի չափով բազմիցս պատասխանել է թե իր գործով և թե իր խոսքով։ Եվ կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ առհասարակ պետք է բացառվեին Կոնգրեսին ուղղված հարցերը, հատկապես, որ դրանք բարձրաձայնողները մեկ անգամ չէ, որ «թաղել», «խաչել» կամ «լուսանցքից այն կողմ են» նետել Կոնգրեսին։ Ուստի, ըստ տրամաբանության, հասունացել է հարցերը գործնական այլընտրանքային քայլերով փոխարինելու պահը։

Այդ պահը վերջնականապես ուրվագծվեց Կոնգրեսի կողմից զանգվածային միջոցառումների երկամսյա դադարի մասին հայտարարությամբ։

Նայեք՝ ամեն ինչ չափազանց պարզ է։

Հայտնի ուժերը շատ հաճախ որպես իրենց անգործության պատճառ ներկայացնում էին ընդդիմադիր դաշտի մենաշնորհումը, Կոնգրեսի կողմից հասարակությանը մոլորությունների մեջ գցելը և սխալ ճանապարհով գնալը։ Սա էր միակ պատասխանը այն հարցին, թե ինչու այդ ուժերը չեն նախաձեռնում Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ակտիվ գործողություններ կամ գոնե չեն ներգրավվում համաժողովրդական շարժման իշխանափոխության ծրագրի իրականացման գործին։ Եվ ահա վերջին օրերին իրավիճակը կտրուկ փոխվում է՝ «առողջ» ուժերին վերջապես տալով լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն։

Հիմա, եթե մենք իսկապես գործ ունենք ազնիվ մղումներ ունեցող միավորումների կամ անհատների հետ, անկասկած արդեն այս օրերին պետք է ականատես լինենք, թե ինչպես է ձևավորվում անլիդեր, ինստիտուցիոնալ մի քաղաքական ուժ կամ շարժում, որը վերջապես իշխանափոխության արագ և ճիշտ ճանապարհ կբռնի։

Միայն ֆիքսենք որ՝

-Առաջին՝ պրոցեսները քնացնելը՝ դրանք մինչև հերթական ընտրություններ տանելը ու այնտեղ միասնականան ցուցակով մասնակցելը (դա Կոնգրեսն էլ կարող է անել) հաշիվ չէ, քանի որ հակակոնգրեսականների կողմից ընդդիմության վրա դրված ամենասարսափելի մեղքերից մեկը եղել է պրոցեսների միտումնավոր ձգձգումը և դրանք՝ ի օգուտ վարչախմբի դեպի 17-18թ․-ի ընտրություններ տանելը։ Կարճ ասած՝ արագ է պետք գործել։

- Երկրորդ՝ հայտարարությունահարցազրույցային գործունեությունը այս պահին սպառված է։ Սա որոշ չափով արդարացված էր, երբ Կոնգրեսը «խանգարում» էր, իսկ հիմա, երբ Կոնգրեսը խոչընդոտ չէ, դեռ մի բան էլ իր իրազեկված միջոցառումները դնում է «իրական» ընդդիմության տրամադրության տակ, կրկին հայտարարություններով ու հարցազրույցներով բավարավելը, խոստովանեք, որ այդքան էլ լուրջ չի լինի։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե Կոնգրեսը խանգարում էր, ուրեմն խանգարում էր ինչ-որ լուրջ բանի՝ ասենք գործնական քայլերի՝ հակասերժական լայն կամ գոնե նեղ կամ ինչ-որ ճակատի ձևավորմանը, զանգվածային անհնազանդության միջոցառումների կամ միջոցառման կամ գոնե մեկ հանրահավաքի կազմակերպմանը։

Այնպես որ, ողջ հասարակությունը համակ ուշադրությամբ սպասում է իր «փրկիչների» չափազանց լուրջ առաջարկներին ու շատ արագ և գործնական քայլերը։

Եվ եթե տեղի ունենա, կներեք, բայց անհավանականը ու հակաընդդիմադիրների առաջնորդությամբ մեկնարկի Սերժ Սարգսյանի հանցախմբի հեռացման և օրինակարգ իշխանության ձևավորման ռեալ գործընթաց, ապա համոզված եմ, որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ ու համակիր իր համեստ ներդրումը կունենա այդ գործընթացները հաղթական ավարտին հասցնելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել