Երբ առավոտ կամ օրվա ընթացքում հասնում է հերթական բոթը սահմաններում մեր ազատության, անկախության, ապահովության, անդորրի, մեր բնականոն կյանքի ընթացքն ապահովող հայ զինվորի, զինծառայողի, մեր նորօրյա հերոսների հերթական, ցավոք, արդեն իրոք հերթական դեպքի մասին, 
երբ նորից տեղեկանում ես ազերու սանձազերծած ինչ-ինչ ներթափանցումների և այդ բարբարոսական պլանները հերթական անգամ կյանքի չկոչվելու արդյունքում ևս թեկուզ մեկ զինվորի անավարտ մնացած երազանքների մասին,
երբ արդեն տևական ժամանակ է, որ գրեթե ամեն հայ ընտանիքի միակ բաղձանքն ու երազանքն է, որ լույսը բացվի առանց միջադեպերի մասին տեղեկատվության,
երբ այդ իրավիճակում ցավալիորեն ուրվագծվում է ինչ-ինչ առաջնորդների հիմնականում իրենց անսխալականության, իրենց նեղ կուսակցական-թայֆայական շահերը «սպասարկելու» ջերմեռանդ մոլագարությունը, ակնարկ անգամ չանելով ամենաողբերգականին,
երբ համապատասխան նախարարության տեղեկատվությունից բացի՝ գրեթե բացառապես անտարբեր վերաբերմուքն է դրսևորվում իշխանության բոլոր թևերում,
երբ այս ամենի հետ մեկտեղ անգամ թեթև հայաց գցելով իշխանական բուրգի կարկառուն ներկայացուցիչների անհաշիվ բիզնեսներին, ահռելի ֆինանսատնտեսական հնարավորություններին, օր օրի, ժամ առ ժամ վեր խոյացող ապարանքներին, նրանց ընտանիքի անդամների «հետաքրքրասիրություններին»,
երբ..................................... Ու այսպես շարունակ...,
ապա լրիվ կասկածում ես, որ իրականության մեջ ԲՈԼՈՐՆ են մտահոգված, ԲՈԼՈՐՆ են ապրում վերոհիշյալ ողբերգություններով,
ԲՈԼՈՐԻ համար է ամեն մի զինվորի արյան յուրաքանչյուր կաթիլն անչափ թանկ ու կարևոր, իսկ որ ամենաէականն ու ամենազավեշտալին է, ապա բոլորս գիտենք այդ վերոհիշյալ չարաբաստիկ ԲՈԼՈՐ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել