ԵԺԿ վեհաժողովի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անգնահատելի նշանակություն ունեն: Նախ և առաջ, այն այլևս դարձել է քաղաքական գործունեության ուղենիշ ԵԺԿ անդամ հանդիսացող ժողովրդական և քրիստոնեա-դեմոկրատական ուղղվածության կուսակցությունների, ինչպես նաև ԵԺԿ հետ առնչվող կամ համագործակցող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուղեղային կենտրոնների համար: ԵԺԿ-ն Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից ամենախոշորն է, և այդպիսով այս բանաձևը վերածվում է նաև համաեվրոպական խոշորագույն քաղաքական շերտի դիրքորոշման: Ըստ էության, այս բանաձևի ընդունմամբ ԵԺԿ-ն վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքներին, եվրոպական արժեքների պահպանմանն ու դրանց կիրառման ապահովմանը:

Ելույթ ունենալով ԵԺԿ վեհաժողովում՝ ես հատկապես կարևորեցի այն հանգամանքը, որ այս բանաձևով, որն ընդունվեց Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, կարելի է ասել, ամբողջացավ պատմական արդարության վերականգնման խնդիրը: Պատմական արդարության վերականգնումն ուղղակի անհրաժեշտ էր, քանզի դա կարևորագույն նախապայման է Ցեղասպանական գործընթացների կանխման կասեցման համար: Սա առավել քան հրատապ է այս օրերին, երբ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում եզդիների, քրդերի, ասորիների, քրիստոնյաների կոտորածներ, որոնք իրենց էությամբ հենց ցեղասպանական բնույթ են կրում: Երկրորդ տեսակետը, որը հնչեցրի, հետևյալն էր` եթե չճանաչենք և չդատապարտենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը, ապա չենք կարող լուծել նաև ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխման և կանխարգելման հարցը: Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատրաստ է պայքարելու հանուն ցեղասպանությունների կանխման: Ընդ որում, արդեն իսկ կա համագործակցություն, հայկական, հրեական, եզդիական, ասորական, հունական հասարակական կազմակերպությունների միջև, մասնավորապես, ատելության դեմ պայքարին ուղղված ծրագրերի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել