Քնքշությունը Լուսանո՜ւմ էր: Քնքշությունն ամաչեց խարույկի կրակից ու դառը ծխի հետ լողաց, փորձ արեց հեռանալ: Աստղերն էլ իրենց քնքշությունը տվեցին առավոտյան սառը ցողին: Քնքշությունը լաց լինող ջութակ էր ու թավջութակի հոգոց, նա իր նուբ ձայնով կանչում էր արծաթավուն սրնգին, իր ետևից քաշում, տանում էր կլարնետի թախծոտ ձայնը: Կծկվել էր այրվող տերևների ծխահոտից... Այնպես, ինչպես լուսատիտիկն է կծկվում դաշտում մնացած վերջին չորացած խոտի ետևում: Ձեռքիս ափը չի կարողանում բաց թողնել քո ափը, ու մատներիս արանքում զգում եմ սրտիդ զարկերը, որոնք իմ զարկերից մեկուկես անգամ արագ են: Կուրծքդ ուրախանում է առաջին ձյունը տեսած երեխաների նման ու ուրախությունից փքվում: Քնքշությունը ձգտում էր անսահմանության, որից պտտվում էին մեր մարմինները՝ հակառակ բոլոր օրենքների: Քնքշությունն ապրում էր վերջին շունչը մեր իսկ օրենքներով: Հինգշաբթի՜ էր: Քնքշությունն իր վերջին քայլերն էր անում ոտքի վրա մնալու համար: Իր բոլոր երանգներով խաղում էր իմ և քո հոգիների հետ: Քո մատների բարձիկները գրկած՝ անցնում էր սրտիս վրայով, սրտիս վրա զգույշ նկարում էր սիրտ: Սիրտս տեղից ելել, ուզում էր թռչել, հեռանալ քնքշության հետ, սիրտս անմոռաց պարում էր կրծքիդ վրա: Քնքշության զույգ քույրերը՝ քո ափերը, փակել են աչքերս ու շշնջում են. «Մի նայիր հեռացող ոչ մի բանի, ես ատում եմ ճանապարհները, ես վախենո՜ւմ եմ, սարսափո՜ւմ, որ կարող է դու էլ հեռանաս… Հեռանալը մա՛հ է… Հեռանալը վե՛րջն է… Բայց ժամանակն էր հեռանալու ու նա հեռանում էր… …Իմ աչքն էլ նրա ճանապարհին: Քնքշությանը չդիմացավ նոր բացվող օրվա արևի այրող ճառագայթներին, չկարողացավ պաշտպանվել մի քանի ժամվա անցյալի կրծքի տակ, վայր ընկնող աստղի լացակումած ձայնին: Հեռանալով շոյեց առավոտյան սառը ցողի այտերն ու… Սառը ցողը վերածեց մի տաք արցունքի կաթիլի: Լուսանո՜ւմ էր… Ս.Ումառ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել