Ամեն օր հետևելով թուրքական մամուլում տեղի ունեցող անցուդարձին՝ կարող եմ նշել, որ հատկապես հունվարից սկսած՝ թուրքական մամուլը ողողվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հորինված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ էժանագին լուրերով։ Բովանդակությունը բավականին միանվագ էր. չհաշված մեկ-երկու թուրք ազգայնամոլ «դուխավիկ» գործիչների բոցաշունչ ելույթները՝ դրանցում հիմնականում լացուկոծ էր, ողբ, թե բա «հայերը 1992-ի փետրվարին մեզ կոտորել են», «այդ բիրտ հայերը զենք ու զրահով եկան, սրի քաշեցին անմեղ բնակչությանը», «անողոք հայերը ոչ ոքի չխնայեցին» և այլն։ «Խոջալուի դեպքերի» մասին օրեցօր ավելացող նյութերի քանակը, ըստ երևույթին, ինձ՝ որպես հայ մի մարդու, որը քաջատեղյակ է, թե ինչ է եղել իրականում, պետք է որ նյարդայնացնեին, անհանգստություն պատճառեին, սակայն ես, ընդհակառակը, կարդալով ադրբեջանական զռռոցի տեսքով այդ լուրերը, ուրախացա։ Ինձ համար ուրախալին ոչ թե այն էր, որ մեր հարևանները միլիարդներ են ծախսում և չեղած բանը որպես պատմական իրողություն ներկայացնում ինչպես իրենց երկրներում, այնպես էլ արտասահմանում (ընդ որում, այս հարցում աչալրջությունն ու համարժեք պատասխանները մեզ ամենևին էլ չէինք խանգարի), այլ այն, որ տարածաշրջանում երկար ժամանակ «լացողի» գլխավոր դերը ստանձնած հայը ոչ միայն այն հանձնեց ադրբեջանցիներին, այլև թե´ ռազմի դաշտում տարավ կատարյալ հաղթանակ, և թե´ Հայոց ցեղասպանության հարցում փոխեց իր մոտեցումը, ընկալումը, քաղաքականությունը։ Այս մասին էի մտածում, երբ զանգահարեց ընկերս՝ Գոռը, և հայտնեց, որ ցանկանում է իր կազմակերպությամբ հանդես գալ Հայոց ցեղասպանության շրջանի սակավաթիվ, սակայն լուսավոր դրվագները՝ մեր պապերի հերոսական դիմադրությունները (Վան, Մուսալեռ, Շապին-Գա­րա­հի­սար) ներկայացնելու մի քանի միջոցառումներով։ Նույն օրը ուսուցչիս՝ Հակոբ Ասլանյանի հետ զրույցում մեկ այլ առիթ ունեցա ոգևորվելու. նա նույնպես փաստեց, որ, բարեբախտաբար, լացի ժամանակներն անցյալում են, և այժմ պահանջելու ժամանակն է եկել։ Մեր երկրում շատ բաներ կան, որ պետք է բոլորովին այլ կերպ դասավորվեին, այլ ուղով ընթանային, պատերազմում տարած փայլուն հաղթանակը չպետք է տանուլ տրվեր դիվանագիտության դաշտում, սակայն ես երջանիկ եմ, որ գոնե Հայոց ցեղասպանության հարցում մենք փոխվեցինք, հայն այլևս պայքարելու և պահանջելու իրավունք ստացավ՝ անկախ այն բանից՝ իշխանամետ ես, թե սպասում ես իշխանությունը փոխելու հարմար պահին, մեզ այլևս երբեք լացելիս չեն տեսնի, չէ՞ որ այդ «դերն» արդեն գտել է իր իրական «դերակատարներին», նրանց, ովքեր իրականացրին Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերը, սակայն, մեղմ ասած, անհավասար պայմաններում տեղի ունեցած ռազմական գործողություններում գլխիկորույս փախան մինչև Ապշերոնյան թերակղզի։ Հ.Գ. Իհարկե, գիտակցում եմ, որ այսօր միայն պահանջելով ոչնչի էլ չենք հասնի, քանի դեռ թույլ ենք, տկար ենք, սակայն պահանջատիրոջ բարոյական իրավունք ունենալու կարևորագույն նախապայմաններից մեկն արդեն իսկ կատարել ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել