Մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիստների լիցենզավորման նոր ընթացակարգը, որի համաձայն՝ տեղի է ունեցել անհատ տաքսիստների հարկային բեռի թեթևացում:

Նոր օրենքով անհատ տաքսիստների ամսական 14.500 դրամը նվազեցվել է` դառնալով 12.000 դրամ Երևանի համար: Հանրապետության մյուս քաղաքների համար հարկը կազմում է ամսական 8000 դրամ, իսկ գյուղական համայնքների անհատ տաքսիստները պետք է վճարեն 5000 դրամ ամսական: Անհատ տաքսիստների համար վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը:

Փաստորեն ստացվում է այնպես, որ անհատ տաքսիստները Երևանում պետք է վճարեն օրական ընդամենը 400 դրամ, իսկ մարզերում` 260 դրամ, ինչի վճարումը մեծ առումով որևէ դժվարություն չի ներկայացնում:

Միևնույն ժամանակ համաձայն նոր լիցենզավորան ընթացակարգի` տեղի է ունեցել տաքսի ծառայության պարզեցում և որակի բարելավվում, ինչը միտված է առավելապես տաքսի ծառայությունից օգտվող քաղաքացու շահերի պաշտպանությանը:

Նոր օրենքով անհատ տաքսիստները պետք է անպայման տեղադրեն հաշվիչներ: Հաշվիչի առկայությունը ուղղակիորեն անհրաժեշտություն է, որպեսզի բացառվի տաքսիստի հայեցողությամբ ծառայության համար մոտավոր գումար ասելը, այսպես ասած, «գին կրակելը»:

Բացի այդ անհատ տաքսիսիտները պետք է ունենան մեքենայում գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Զուգահեռաբար, վերացվել են պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները:
Իսկ ինչ վերաբերում է լիցենզավորման նոր ընթացակարգից տաքսիստների բողոքին, ապա այն անհասկանալի է, քանի որ հարկերը նվազեցվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել