Բորիս Նեմցովի սպանությունից անմիջապես հետո բարձրացավ պաթոսի ու էմոցիոնալիզմի մի հսկայական ալիք, որը, բնականաբար, նաև Հայաստան հասավ, ու, բնականաբար, այդ պաթոսի ու էմոցիաների մեջ խամրում է տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապը։ Հիմա եկեք հասկանանք մի քանի պարզ իրողություն։

1. Ոչ ոք, այդ թվում նաև Արևմուտքում, առանձնապես չի էլ թաքցնում, որ միջնաժամկետ նպատակ կա Ռուսաստանում մայդանատիպ ինչ-որ բան անցկացնել, որը բովանդակային առումով ոչ այլ ինչ է, քան հեղաշրջում, ու այդ նպատակին հասնելու համար կիրառվում են վաղուց արդեն հայտնի ու փորձարկված տեխնոլոգիաներ ու մեթոդիկաներ, որոնից առաջնային դերակատարությունը թերևս Ջին Շարփի մեթոդներն են։ Ի դեպ, այդ մեթոդիկաներում պարտադիր նախապայմաններից մեկը հեղաշրջում իրականացնելու համար «Սուրբ նահատակ/նահատակներ» ունենալն է (Գանգաձե, Նիգոյան, Նեբեսնայա Սոտնյա...)։

2. Նեմցովը, ով չէր կարող չիմանալ այդ մասին, քանի որ հանդիսանում էր Ռուսաստանում պլանավորվող հեղաշրջման բաղկացուցիչ օղակներից մեկը, չգիտես ինչու վստահ էր, որ սուրբ նահատակի կարգավիճակն իր համար չէ, այլ ինչ-որ մեկի, ասենք՝ Նավալնու... Ի դեպ, եթե ուսումնասիրեք Նավալնու վերջին շաբաթների գործունեությունը, ապա կնկատեք, որ նա անում էր ամենը՝ այս օրերին մեկուսարանում կամ բանտում գտնվելու համար (ի տարբերություն Նեմցովի՝ ինքը հավանաբար ավելի լավ էր հասկանում այս խաղի կանոնները), ու արդյունքում այդպես էլ եղավ՝ Նավալնին կալանավորված էր։

3. Նավալնին հասանելիության տիրույթում չէ, բայց շահագրգիռ կողմերի համար արքայական նվեր է անում ռուսաստանյան մայդաունության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ Նեմցովը, ով ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ Պուտինն ուզում է իրեն սպանել։ Նկարագրածս սցենարում սա իրոք արքայական նվեր է, որովհետև Նեմցովը դա անում է ինքը ու ասես քարտ բլանշ տալիս, որ սպանեն հենց իրեն, որովհետև ո՜նց էլ չլինի, բազմաթիվ պարզամիտներ էին գտնվելու, ովքեր անկեղծորեն կապելու էին Նեմցովի սպանությունը Նեմցովի հայտարարության հետ։ 

4. Հիմա եկեք նայենք սպանության մանրամասներին. 

- Նախ, սպանության վայրը։ Պատվերով սպանությունները սովորաբար արվում են զոհի բնակության կամ էլ աշխատավայրի մոտ կամ էլ այն երթուղու վրա, որը նա պարբերաբար կրկնում է։ Այս դեպքում, Նեմցովին սպանել են Զամոսկվորեցկի կամուրջի վրա, որը ոչ նրա կայուն երթուղին էր, ոչ էլ այնպիսի մի վայր, որտեղ նա գտնվում էր այնպիսի հաճախականությամբ, որ քիլլերները հենց այն ընտրեին որպես դարան։

- Միակ բացատրությունը, թե ինչու է Նեմցովը եղել կամրջի վրա սպանության պահին, տվել է գործով հիմնական «վկան»՝ Նեմցովի ուկրաինուհի սիրուհի-մոդելը, ով, ինչպես արդեն պարզվել է, սիրային կապերի մեջ է եղել բազմաթիվ այլ տղամարդկանց հետ, այդ թվում նաև Ուկրաինական ազգային գվարդիայի մի շարք կարկառուն ներկայացուցիչների։ Ըստ նրա՝ հենց Նեմցովն է առաջարկել զբոսնել կամուրջով։ Հիմա ասացեք, խնդրեմ, կա՞ որևէ հիմք՝ բացառելու, որ նման առաջարկ եղել է ոչ թե Նեմցովի, այլ սիրուհու կողմից։ Ամենևին։ Ասեմ ավելին, ես բնավ չեմ զարմանա, եթե պարզվի, որ «վկան» իրականում հանցակից է, ու նա խնդիր է ունեցել (գուցե նաև չիմանալով, որ հենց սպանություն է ծրագրվում) Նեմցովին բերել վաղօրոք նախանշված վայր, որտեղ դարանակալած է եղել քիլլերը։ Ի դեպ, սիրուհին արդեն հրաժարվել է ստի դետեկտորով փորձարկվելուց ու բավականին անհոդաբաշխ ցուցմունքներ է տալիս և որ առավել տարօրինակ է՝ նրան չեն վերացրել Նեմցովի հետ, թեև ունեին դա անելու բոլոր հնարավորությունները։

- Նեմցովի սպանությունից արդեն րոպեներ անց տեսնում ենք, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Արևմուտքն այնպիսի կեցվածք են որդեգրում, ասես արդեն ամեն ինչ պարզ է, ու մի շարք բավականին պրովոկացիոն հայտարարություններ են անում։ Օրինակ՝ Քերրին արդեն իսկ հայտարարել է, որ սա հետևանք է այն անազատ քաղաքական մթնոլորտի, որը տիրում է Ռուսաստանում։

- Արդեն կա տեղեկատվական արտահոսք, որ սպանության կատարման հիմնական կասկածյալը հանդիսանում է մի չեչեն անջատողական, ով մարտնչում է Ուկրաինայում՝ ազգային գվարդիայի կազում, ինչը ևս այս սպանության սլաքներն ուղղում է Ուկրաինայի ու ուկրաինական անվտանգության ծառայության վրա, որը վաղուց արդեն դարձել է Ամերիկյան ԿՀՎ-ի ֆիլիալը Եվրոպայում։ Ու հիմա ամենահետաքրքիրը. Ադամ Օսմաևը՝ չեչեն կասկածյալը, ավելի վաղ հանդիսանում էր կասկածյալ Պուտինի վրա չստացված մահափորձի կազմակերպման մեջ:

Главарь батальона имени Дудаева подозревается в убийстве Немцова

5. Ակնհայտ է, որ հիմա արվելու է ամենը՝ հետքերը մաքրելու ու ներգրավված շարքային կատարածուներին վերացնելու համար, ու որպեսզի այս ամենն աննկատ անցնի, հնարավորինս բարձր մեդիա աղմուկ է լինելու՝ գերհագեցած ապատեղեկատվությամբ, կոնսպիրոլոգիայով, էմոցիաներով ու պաթոսով։ Խաղի այս փուլը դեռ նոր է մեկնարկել, ու դեռ շատ զարգացումներ են լինելու, ու հավանաբար այս հանցագործությունը լրացնի այն հանցագործությունների շարքը, որոնք երբեք չեն բացահայտվում, բայց միշտ մնում տարբեր սպեկուլյացիաների ու դավադրությունների իդեալական խմորիչ։


Այս պատմության մեջ առայժմ ակնհայտ է միայն մի բան։ Նեմցովի սպանությունը հատկապես ձեռնատու չէր միայն երկու կողմերի՝ հենց Նեմցովին ու Ռուսաստանի իշխանություններին։

Ինչ վերաբերվում է մեր լսարանին, ապա կուզենայի միայն մի բան ավելացնել. Նեմցովի սպանությունը վստահաբար դատապարտելի է, անգամ եթե նա չլիներ այսպիսի բարդ խաղերի անհրաժեշտ զոհ, բայց Նեմցովը հաստատ էն մարդը չէ, ում արժե սրբացնել ու հերոսացնել։ Նա միշտ եղել է ու կշարունակի մնալ այն սրիկաների պեյադիի անբաժանելի մաս, ով ակտիվորեն մասնակցել է ԽՍՀՄ, իսկ այնուհետև նաև Ռուսաստանի փլուզման և բնակչության հարստահարման գործընթացին, եղել է կասկածելի մարդկային որակների տեր ու երբեք չի կարող լինել մեկը, ով ընդօրինակման ու առավել ևս հերոսացման է ենթակա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել