Tert.am–ը գրում է.

Սաուդյան Արաբիայի թագավորն ու Թուրքիայի Նախագահը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը տրվող աջակցությունը ավելացնելու շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թուրքական «Անադոլու»-ին հայտնել է Թուրքիայի Նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա է ժամանել շաբաթ օրը: Թուրքիայի նախագահի այցի պաշտոնական մասը` Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպումը, կայացել է երկուշաբթի` մարտի 2-ին: Երկու երկրների առաջնորդները, բացի սիրիական ճգնաժամից, քննարկել են նաև իրավիճակը Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում և Եմենում: Կիրակի սկսվել է ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի զինյալների ուսուցման և վերազինման թուրք-ամերիկյան ծրագիրը: Այն ենթադրում է մեկ տարվա ընթացքում կրթել 2 հազար զինյալի` Կենտրոնական Թուրքիայի ծայրամասերից մեկում:

ԱՄՆ-ն տրամադրում է զինյալների զենքն ու սարքավորումները, իսկ ուսուցումը կիրականացնեն թուրքական և ամերիկյան զինվորականները: Բացի Թուրքիայից, այս ծրագրին մասնակցում են Սաուդյան Արաբիան և Քաթարը: 2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական ուժերի և տարբեր զինյալ խմբավորումների միջև: Պատերազմի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 200 հազար մարդ, այդ թվում` հայեր: Կառավարական ուժերի դեմ կռվող խմբավորումներից ամենաակտիվն են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել