Tert.am-ը գրում է.

Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին: Թե ինչքանով իրականaցվելիք աշխատանքները կարող են վնասել լիճը կամ ինչ է սպասվում Սևանին, եթե հայտնաբերվի նավթի կամ գազի պաշարներ, Tert.am-ը զրուցեց բնապահպան Կարինե Դանիելյանի և ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանի հետ:

Կարինե Դանիելյանը նշեց, որ առաջին փուլի ուսումնասիրությունները վտանգավոր չեն Սևանի համար, քանի որ չի նախատեսվում հորատում, սակայն եթե հանկարծ պարզվի, որ Սևանի տարածքում առկա է նավթի կամ գազի պաշար, դժվար է պատկերացնել, թե ինչ կսպառնա Սևանին:

«Այդ ընկերությունը հետազոտությունը չի կարող ինքնանպատակ իրականացնել, դա գիտության համար չէ, այլ նրա համար է, որ եթե հանկարծ գտնեն պաշարներ, ու նրանց դրա քանակը բավարարի, ուրեմն կարդյունահանեն: Իսկ դա արդեն կնշանակի Սևանի մահ, ինչպես նաև ամբողջ էկոհամակարգը կկանգնի խնդրի առաջ»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանը նշեց, որ պարզապես պետք էր թույլ չտալ, որ համապատասխան գերատեսչությունները Սևանի տարածքում նման ուսումնասիրություններ իրականացնելու լիցենզիա տային որևէ ընկերության: Բնապահպանը մտահոգված է նաև այն պատճառով, որ իր կարծիքով Սևանում նավթ գտնելու հավանականությունը մեծ է

«Հիմա աշխարհում հետաքրքիր երևույթ է նկատվում, որ լճերի, ծովերի, օվկիանոսների հատակից բարձրանում է մեթան գազ: Սևանում ավելի վաղ հայ-ֆրանսիական էքսպեդիցիա էր աշխատում և իրենք արձանագրել են այն փաստը, որ Սևանի հատակից մեթան գազ է բարձրանում, իսկ դա նշանակում է, որ հավանականությունը, որ կգտնեն ինչ-որ բան, բավական մեծ է: Սկզբունքորեն, եթե մեր այս փոքր տարածքում նավթահանում սկսվի, դա կնշանակի, որ մենք հետո պետք է թողնենք այս տարածքը ու այստեղից հեռանանք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Սևանը հայ ժողովրդի խմելու և ոռոգման ջրի աղբյուրն է:

ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն էլ հակառակ կարծիքը պնդեց, որ Սևանում չի կարող նավթ կամ գազ հայտնաբերվել, քանի որ մինչ օրս ջրի մեջ չեն նկատվել հետքեր և հենց այնպես չէ, որ այն համարվում է քաղցրահամ: Նրան զարմանք է պատճառում, որ հարցը հնչեղություն ստացավ հիմա, քանի որ իրականում Հայաստանում նավթ ու գազ որոնելու աշխատանքներն սկսվել են դեռևս 2007թ-ից:

««Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունը առաջին անգամ լիցենզիա ստացել է 2007թ-ին և սկսել իր աշխատանքները, որից հետո երկրորդ լիցենզիան ստացել է 2012թ-ին և 2014թ-ին: Այս տարիների ընթացքում որևէ մեկից լսե՞լ եք, որ այդ աշխատանքները վնաս են հասցրել ինչ-որ տարածքի կամ ինչ-որ բանի, իհարկե ոչ: Նավթային ուսումնասիրությունները բարդ պրոցես են և դրանք իրականացվում են մի քանի փուլով: Առաջինը՝ երկրաբանաերկրաֆիզիկականն է, երկրորդ՝ երկրաքիմիական, երրորդ՝ 2D սեյսմիկ աշխատանքներ: Հորատման աշխատանքները ամենավերջում են իրականացվելու, այն էլ եթե նախնական դրական արդյունք լինի: Հորատման համար տարածքը մեծ է վերցված, որովհետև հորատանցքը առնվազն 1 կմ խորություն պետք է ունենա և երկրաբանության տեսանկյունից շառավիղը մեծ պետք է լինի»,- ասաց նա։

Նախարարության աշխատակիցը վստահեցրեց, որ Սևանի ավազանում ընդհանրապես հորատման աշխատանքների թույլտվություն չի տրվի մի պարզ պատճառով՝ գոյություն ունի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենք, որտեղ հստակ գրված է՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ:

«Նախարարությունը պատասխանատվություն է կրում, և չի կարող այնպիսի բան լինել, որ օրենքից ու իրավական ակտերից շեղվենք ու դրական եզրակացություն տանք։ Ընկերությունն ուսումնասիրություն է իրականացնում նաև Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում և անգամ ընկերությունը չի կարող ասել, որ կետում հորատում կարվի, կամ կարվի ընդհրապես»,-ասաց նա։

Հարցին, թե հաշվարկներ ունեն ինչի կվերածվի Սևանը, եթե ընկերությունը նավթ կամ գազ հայտնաբերի, Վիգեն Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի մասին։

«Այդ ընկերությունը ևս շատ լավ գիտի այս օրենքի մասին և եթե հայտնաբերի նավթ կամ գազ, ոչինչ չի անելու, և դա չի խանգարում, որ նրանք ուսումնասիրությունների համար ռեսուրսներ ծախսեն»,-ասաց նա։

Մասնագետը նաև տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանի 6 պայմանական տարածքներում, որոնք ընդգրկում են հանրապետության ողջ տարածքը, երեք ընկերությունների տրվել է լիցենզիա՝ նավթ և գազ որոնելու համար հետազոտական աշխատանքներ իրականացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել