Tert.am-ը գրում է.

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ միանշանակ ընդդիմադիր դաշտը լցնելու կարիք կա: «Եվ բացառվում է, որ այդ կարիքը չլրացվի այս կամ այն ձևով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Նավասարդյանի՝ թեև քաղաքական ուժերը վարկաբեկվել են, բայց դա, ըստ նրա, կարող է մոռացվել հենց առաջին իսկ հնարավորության դեպքում:

«Հայաստանում 25 տարիների փորձը ցույց է տվել, որ ներվում է ամեն ինչ, և ճիշտ գործողությունների մշակման դեպքում ցանկացած քաղաքական ուժ կարող է շահել հասարակության սիրտը: Արագ ներում են, թեկուզև վստահության պակաս ունենան. հասարակությունը հակված է խոշոր համապետական ընտրությունների ժամանակ աջակցել իշխանությանը հակադրված ցանկացած ուժին, և այդ առումով նախկին տարիների վարկաբեկվածությունն անցնում է»,-ասաց նա:

Նոր որակի ընդդիմության կարիք, ըստ Նավասարդյանի, թեև զգացվում է, բայց դրա համար մարդկային և ֆինանսական ռեսուրսները չեն բավականացնում։

«Նոր որակի ընդդիմության կարիքը զգացվում է, ոչ միայն վերջին շրջանի իրադարձություններով պայմանավորված, այլ դեռ 90-ականներից՝ հստակ ծրագրով ու անելիքով: Բայց այդպիսի ընդդիմության ձևավորման համար բավական քիչ են ռեսուրսները՝ նախ ֆինանսական, որովհետև ընդդիմության մեջ գտնվող քաղաքական ուժերը առայժմ փորձառություն ու նախադեպ չունեն հասարակության հաշվին այդ ֆինանսները հավաքելու, այլ ոչ թե մեծահարուստների շնորհիվ: Եվ երկրորդը մարդկային ռեսուսն է. այսօր այնքան է վարկաբեկված քաղաքական դաշտը»,-ասաց նա։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ հասարակության այն կրեատիվ մասը, որ կարող էր ընդդիմության դերակատարումը վերցնել, այսօր խուսափում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել