Երբեք նորություն չի եղել, որ սրբությունները սեփական նպատակի համար օգտագործելը գաղթակղիչ է տարբեր տեսակի խաբեբաների համար: Օրինակ` բախտագուշակները, էքստասենսները իրենց այցելուներին ուղարկում են եկեղեցու մոմ կամ խունկ բերելու իրենց դիվային գործունեությունը բարի նպատակների տակ անցկացնելու և մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով: Սակայն կան նաև այնպիսիք, որոնք, սրբության անունն օգտագործելով, հեշտ բարեկեցություն և հարստություն փնտրողներին առաջարկում են ոչ միայն խաբեության նոր տեսակ, այլ նաև ակնհայտ քրիստոնեական մեղքեր պարունակող գործողություններ: Խոսքը գնում է այսպես կոչված «երջանկության» կամ «բարեկեցության» խմորի մասին, որը տարբեր ժամանակահատվածում ի հայտ է գալիս տարբեր անվանումներով` «Երուսաղեմի հաց», «Աֆոնի հաց», «Երջանկության հաց», իսկ այժմ արդեն «Մատրոնայի հաց»: Մի քանի տարի առաջ տարածված էր «Երուսաղեմի հացը», իսկ այժմ Ռուսաստանի Դաշնությունից եկած «ռուսացած» քրիստոնյաների կողմից տարածվում է «Մատրոնայի հաց»-ը: Գործընթացը բոլոր այս երևույթներում նույնն է. շղթայական ռեակցիայով խմոր են բածանում, յուրաքանչյուրը 3 օր պետք է տանը բաց վիճակում պահի ստացած խմորը, հետո վրան ալյուր, ձու, ջուր ավելացնի, նոր խմոր թխի, բաժանի 4 գնդի, 3 գնդից որևէ բան թխի, իսկ 4-րդ գունդը փոխանցի «բարի մարդ»-ուն... և այսպես շարունակ: Խեղճ բարի մարդիկ, մտքներով չի անցնում իրենց ինչի մասնակից են դարձնում: Այդ խմորից (3 օր բաց վիճակում պահած…..) թխվածը պետք է ուտել ընտանիքի անդամներով և երազանք պահել: Ինչպիսի բարեպաշտություն, չէ որ սուրբ խմոր է, երևի աղոթած է, հատուկ ձևով պատրաստված, բայց ավաղ, այսպիսի բան գոյություն չունի ոչ մի եկեղեցում:
Ուղղակի զարմանքս գալիս է նրանից, որ լուրջ կրթություն ստացած մարդիկ կարող են հավատալ այս ամենին, և նստել սպասել թե երբ պետք է «հրաշք խմորն» իրենց տունը լցնի բարեկեցությամբ և երջանկությամբ: 
Հիշում եմ՝ դպրոցական տարիներիս պտտվում էր «երջանկության նամակ»-ը նույն մեխանիզմով: Բայց անգամ ուղարկելով նամակները՝ մենք այդ տարիքում էլ հասկանում էինք, որ դա ընդամենը խաղ է, իսկ մարդու բարեկեցությունը, երջանկությունը կախված են կյանքում իր սեփական կայացրած որոշումներից և իր մեղքերի դեմ պայքարելուց: Այսպիսի երևույթները մեր կյանքում ծաղկում են, որովհետև կան մարդիկ, որոնք դեռ հավատում են հեքիաթներին և սպասում են, երբ պետք է հայտնվի ոսկե ձկնիկը և կատարի իրենց ցանկությունները, և ցավալին այն է, որ հավատում են այսպիսի հեքիաթներին հենց քրիստոնյաները: Ցավալի է, որ չեն կարողանում տարբերել իրական սրբությունը չարի կողմից օգտագործվող դիվային խաբկանքներից: Որովհետև այս խմորը խոստանում է նաև հանել անեծքները, գտնել երկրորդ կեսին, գործերում հաջողություն ունենալ, և քրիստոնյան, որը գիտի, որ բախտագուշակների և էքստրասենսների մոտ գնալը մեղք է, հանդիպում է դրա այլընտրանքային տարբերակին և մեծ ուրախությամբ է ընդունում այն Սուրբ Մատրոնայի անունով: Որովհետև որտեղ չկա հավատք, այնտեղ կա սնահավատություն:
Ի գիտություն. Սուրբ Մատրոնայի և ուղղափառ եկեղեցին զգուշացնում են, որ այսպիսի խմորների հետ իրենք ոչ մի կապ չունեն, և դա խաբեբաների հերթական հնարանքն է: Էլ չեմ ասում այս բաղադրատոմսի հետ կապված հիգիենայի բոլոր կանոնների խախտման մասին: Պատկերացրեք յուրաքանչյուրը խմորը երեք օր պահի իր տանը, հետո փոխանցի մեկ ուրիշին, նա էլ երեք օր պահի` ինչպիսի միկրոբներ և հիվանդություններ հնարավոր է փոխանցել այս խմորի միջոցով: Հետո էլ զարմանում ենք, թե այս ինչ վիրուսներ են ինչ-որ ուժեր ստեղծում և մարդկանց վարակում, այն ինչ մենք ինքներս ենք դրա տարածողները: Այստեղ ոչ միայն սրբության մասին խոսք լինել չի կարող, այլ նաև կարող է շղթայական ռեակցիայով լուրջ առողջական վնասներ հասցնել մարդկանց: Ուզում եմ զգուշացնել մանավանդ քրիստոնյաների` մասնակից չլինել այդ դիվական արարողությանը, զերծ մնալ կասկածելի «երջանկացնող» խմորներից, որը փորձում են սրբության տեղ անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել