Tert.am-ը գրում է.

«Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Ընդդիմադիր ըլնեմ…»  վերնագիրը կրող hետազոտության արդյունքները, որը հիմնականում վերաբերվել է ոչ իշխանական ուժերի եռյակի գործունեությանը: Նա նշեց, որ սոցհարցումն իրականացվել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին:

Հետազոտության ընթացքում դեմ առ դեմ հարցմանը մասնակցել է 1067 քաղաքացի՝ Երևանից և մարզերից: Հարցումն անցկացվել է 2014 թ. նոյեմբերի 20-¬27-ը:

«Հայաստանի 1067 բնակչի 40 %-ի կարծիքով եռյակը մոտ ապագայում դատապարտված է եղել փլուզման, 25 %-ն էլ նշել է, որ եռյակի կազմակերպած հանրահավաքները գնալով կդառնան ավելի սակավաթիվ: 20 %-ն այն կարծիքին է եղել, որ եռյակը կշարունակի պարբերաբար հանրահավաքներ կազմակերպել, 11 %-ը՝ հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կվարեն եռյակի հետ և եռյակին կառաջարկվի իշխանական լծակներ: 9 %-ի կարծիքով բազմամարդ հանրահավաքները կստիպեն իշխանությանը հրաժարական տալ, իսկ ըստ 6 %-ի՝ հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կառաջարկեն, սակայն եռյակը կﬔրժի»,-արդյունքները ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Մյուս հարցին, թե ընդդիմադիր եռյակում ներգրավված կուսակցություններից որն է հանդիսանում գաղափարական լիդեր, ստացվել է հետևյալ պատկերը. «Բարգավաճ Հայաստան» ՝35%,  «Հայ ազգային կոնգրես»՝ 15 %, «Ժառանգություն»՝ 9%:

«Սկզբում ցանկանում էինք դեկտեմբերի վերջին հրապարակել մեր հետազոտության արդյունքները, սակայն այդ ժամանակ քաղաքական բուռն զարգացումներ էին տեղի ունենում: Որպեսզի հետագայում չլինեինք թիրախ, չհրապարակեցինք»,- հայտարարեց Արամ Նավասարդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել