«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մարտի 1-ին Ազատության հրապարակում հնչեցրած հայտարարությունը, նշել է, որ առաջին նախագահն իր ելույթում, խոսելով մարգինալ և կեղծ ընդդիմադիրների մասին, չի ակնարկել Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարտիրոսյանն ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանի ելույթում Հովհաննիսյանի վերաբերյալ որակումներ չկային:

Անհրաժեշտ է փաստել, որ առաջին նախագահը ՀՀ-ում ստեղծված ընդդիմադիր բևեռում գործող քաղաքական դեմքերի և կուսակցությունների վերաբերյալ տվել է յուրահատուկ մեկնաբանություններ, որտեղ ընդդիմադիրներն անուղղակի կերպով պիտակավորվում և ծաղրանքի են ենթարկվում:

Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ իր խոսքում Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարել է, որ ՀՀ ընդդիմադիր դաշտում միակ իրական արմատական ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ մնացյալն ուղղակի ծառայում են գործող ռեժիմին:

Եթե հրապարակավ, ուղղակի ակնարկներով, հայտարարվում է` ՀՀ քաղաքական դաշտում ՀԱԿ-ից բացի ընդդիմություն չկա, իսկ ժառանգականներն էլ ասում են, թե ելույթում իրենց վերաբերող ոչ մի կսմիթ չկար, նշանակում է կամ իրենց դնում են, մեղմ ասած, անհասկացողի տեղ, կամ էլ իսկապես համաձայն են, որ իրենք ընդդիմություն չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել