Tert.am-ը գրում է․

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե քիչ առաջ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը պատժի և հայցի մասերով:

«Ակնկալում եմ հարցի արդարացի լուծում, պատժի չափի վերանայում, լրացուցիչ պատժի վերանայում, ակնկալում եմ նաև, որ հայցադիմումը պետք է քննության առնվի: Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր հայցադիմումը քննության առնել: Հուսով եմ, որ վերաքննիչ դատարանը քննության կառնի այն»,-ասաց Ռուբեն Բալոյանը:


Հարցին, թե այնուամենայնիվ, հնարավոր չէ՞ր հաշտեցման եզրեր գտնել, Բալոյանը պատասխանեց. «Ես հավատացած էի»:


Հիշեցնենք, որ մինչ գործով տուժող կողմը վերաքննիչ բողոք կներկայացներ, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի ասել էր, թե բողոք լինելու դեպքում ողջամիտ ժամկետում մի քանի օրից կնշանակվի դատական նիստ.


«Եթե անգամ բողոք լինի, գործը կքննվի վճռաբեկության կարգով, իսկ դա նշանակում է, որ արագ ընթացակարգով գործը կքննվի և կավարտվի: Սակայն բողոքի արդյունքում Վարդան Պետրոսյանը ստիպված կլինի էլի մի որոշ ժամանակ անցկացնել քննչական մեկուսարանում»,-ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել