Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Յոնգ Յունը մոտ 30 տարեկան է (միակ նախագահը, ում տարիքն անհայտ է), ու շատերը՝ և ամբողջ աշխարհում, և Հյուսիսային Կորեայում, կասկած ունեն այդպիսի փոքր տարիքով անձի կառավարչական ունակությունների վրա: Որպեսզի սա խնդիրներ չարաջացնի, Կիմ Յոնգ Յունն ամենայն հավանականությամբ փորձելու է Հյուսիսային Կորեայի և նրան հակառակորդ պետությունների միջև հարաբերությունները թեժացնել, հետո բանակցությունների միջոցով հաշտության գալ և այսպիսով բարձրացնել իր հեղինակությունը:
Այս ամենը դժվար թե պատերազմի հանգեցնի, որովհետև Հյուսիսային Կորեայի հնարավորությունները, Հարավայինի հետ համեմատած, շատ քիչ են, չհաշված այն, որ Հարավային Կորեայի հետ պատերազմելը նույն ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելն է, իսկ Հյուսիսային Կորեան դժվար թե կարողանա դաշնակից գտնել այդ պատերազմում: Բայց եկեք պատկերացնենք, թե Հյուսիսային Կորեան իրոք որոշել է պատերազմ հայտարարել:
Հնարավոր է, որ Հյուսիսային Կորեան պատերազմի առաջին օրերին ավելի շատ ռեսուրս գործածի, քան Հարավային Կորեան, բայց ընդամենը 4-5 օրում, ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծությունների և Հարավային Կորեայի հակահարվածի հետևանքով, Հյուսիսային Կորեան կկորցնի իր ռեսուրսների մեծ մասը, բայց սա չի նշանակում, որ Հյուսիսային Կորեայի համար ամեն ինչ կորած է: Այստեղից շատ պարզ երևում է, որ Հյուսիսային Կորեային պետք է շատ կարճատև պատերազմ, հետո բանակցությունների միջոցով առավելություններ ստանալ: Այս հարցում Հյուսիսային Կորեան ունի աշխարհագրական շատ մեծ առավելություն, հենց այս առավելությունն է, որ ոչ միայն հնարավոր պատերազմում կօգնի նրան, այլ ներկայումս չի թողնում ԱՄՆ-ին և Հարավային Կորեային՝ Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմական ոտնձգությունների դիմել: Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը գտնվում է սահմանից ոչ հեռու, և մայրաքաղաքը ռմբակոծելու համար Հյուսիսային Կորեան ունի շատ մեծ քանակով արտիլերիա: Հնարավոր պատերազմը, ամենայն հավանականությամբ, լինելու է փոխադարձ ռմբակոծություններով, առանց որևէ ցամաքային արշավանքների: Հյուսիսային Կորեայի բանակը կռմբակոծի Սեուլը՝ հակարակորդին ստիպելով, որ հանձնվի, բայց եթե Հարավային Կորեան որոշեց չհանձնվել և շարունակել պայքարը, ապա կարելի է ասել, որ Հյուսիսային Կորեայի վերջը եկել է:
Պատերազմի դեպքում Կիմ Յոնգ Յունի նպատակը կլինի հակառակորդի մայրաքաղաքի բնաջնջման սպառնալիքով նրան ստիպել բանակցությունների միջոցով որոշակի զիջումների գնալ: Բայց պատերազմի հավանականությունը շատ քիչ է, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ Հարավային Կորեայի՝ առաջին 5 օրում չհանձնվելու դեպքում՝ ողջ Կորեա թերակղզում կհաստատվի կապիտալիստական պետություն Սեուլ մայրաքաղաքով:
Իմ կարծիքով՝ Հարային Կորեայի համար ճիշտ տարբերակը պատերազմը շարունակելն է մինչև վերջ, որովհետև հանձնվելու դեպքում ամեն ինչ կարող է հետագայում կրկնվել: Այսինքն՝ ավելի լավ է դաժան պատերազմ, բայց մեկ պատերազմ, քան թե ժամանակ առ ժամանակ կրկնվող փոքր պատերազմներ, որոնցում Հարավային Կորեան, մայրաքաղաքը փրկելու համար, կգնա այնքան զիջումների, որ ի վերջո կդադարի գոյություն ունենալ:
Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ունի ատոմային ռումբեր, որոնց թվաքանակը չի գերազանցում 10-ը, սակայն կարծում եմ՝ կարիք չկա միջուկային պատերազմի մասին քննարկել, որովհետև ԱՄՆ-ն հազար անգամ ավելի շատ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել