Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած ելույթը, մասնավորապես, քաղաքական ուժերին վերաբերող հատվածը, ասել է, թե «չգիտեմ ում է վերաբերում այդ խոսքը, ուղիղ խոսք եթե չկա, չեմ կարող մեկնաբանել։ Ցանկացած պարագայում ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ այնտեղ խոսք չկար»:

Սա այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանն այդ ելույթում հայտարարել է, թե «ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։ Ուշադրություն դարձրեք՝ «ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած», իսկ թե որտեղ է «Ժառանգություն»…
Փաստացի, ուղիղ խոսքով, ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարում է, որ քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր ուժը Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է, իսկ Արմեն Մարտիրոսյանը «չգիտի, թե ում է վերաբերում Տեր-Պետրոսյանի խոսքը»: 
Եթե Ժառանգությունը որպես կուսակցություն ավարտել է իր առաքելությունը, այլ թեմա է, սակայն, կարծես թե, այդ մասին հրապարակային հայտարարություն չի հնչել: Եթե չկա որևէ սխալմունք, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ Ժառանգությունը հայտարարել էր, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից:

Այս դեպքում ստացվում է, որ կամ Արմեն Մարտիրոսյանն անմեղսունակ է, որ չի ընկալում այն ամենը, ինչ հնչել է Տեր-Պետրոսյանի ելույթում կամ Ժառանգությունում, քաղաքական կուրս է փոխվել, ու այդ ուժը տեղափոխվել է իշխանական դաշտ:
էլ ի՞նչ պետք է հայտարարեր ՀԱԿ-ը, որ Արմեն Մարտիրոսյանը կամ այդ կուսակցությունում մնացած մի քանի տասնյակ մարդիկ հասկանային, որ Տեր-Պետրոսյանը փաստացի ասում է, որ Ժառանգությունն ու մնացած ուժերն ընդդիմադիր դաշում չեն: 
Արմեն Մարտիրոսյանն իր ոչ ադեկվատ մեկնաբանություններով նաև ցույց է տալիս, որ Ժառանգությունը ևս ավարտել է իր առաքելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել