Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ  հնչեցրած ելույթը, որում վերջինս խոսում էր «նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանի»մասին։ 


Կուսակցության փոխնախագահը չգիտի, թե կոնկրետ ում նկատի ուներ առաջին նախագահը, բայց չի էլ կարծում, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանին էին վերաբերում։


«Չգիտեմ ում է վերաբերում այդ խոսքը, ուղիղ խոսք եթե չկա, չեմ կարող մեկնաբանել։ Ցանկացած պարագայում ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ այնտեղ խոսք չկար»,- նշեց նա։


Հիշեցնենք, որ առաջին նախագահը, մասնավորապես, նշել էր. «Հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»։


Հարցին, թե ում նկատի ուներ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ ասելով «Պուտինի հրաժարականը սրտում», արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իսկ ե՞րբ է Րաֆֆին Պուտինի հրաժարականը պահանջել»։


Ւնչ վերաբերում է նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանին,  Արմեն Մարտիրոսյանը նույնպես զերծ մնաց բացատելուց։ «Ես Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել