Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ Tert.am-ի հետ զրույցում ասում է, թե իշխանությունները փորձելու են ձևավորել քիչ թե շատ արևմտամետ ընդդիմություն։ Ըստ նրա՝ արևմտամետ ընդդիմությունը ձեռնտու է նրանով, որ Ռուսաստանի հետ խոսելիս Հայաստանը կարող է մատնացույց անել, թե բավական լուրջ ընդդիմություն կա երկրում և Ռուսաստանի աջակցության կարիքն ունի։ «Իսկ աջակցությունը կարող է լինել թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, և մյուս կողմից էլ նույն ամերիկացիներին կամ եվրոպացիներին ասում ես, որ մեր մոտ նորմալ հարաբերություններ են նաև արևմտյան կողմի հետ»,– ասում է նա:

-Պարո՛ն Հակոբյան, այն վակուումը, որ կա ընդդիմադիր դաշտում, Ձեր գնահատմամբ ովքե՞ր են լրացնելու, մինչև ե՞րբ է այսպես մնալու:

-Կարծում եմ, որ հիմա դրանով ավելի շատ մտահոգված է իշխանությունը, քանի որ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնել հանրաքվեի, և հիմա այս ամայացած դաշտում, ըստ էության, իրեն պետք են հակադրվողներ: Եվ դեմոկրատական հանրաքվե անցկացնելու, դեմոկրատական գործընթաց ապահովելու համար դրսի համար նախևառաջ պետք է ունենալ հակադրվողներ, ընդդիմություն: Ինձ թվում է հիմա իշխանությունն արդեն սկսել է այդ ընդդիմության ձևավորումը, ինչ-որ անուններ են հնչեցնում, ակնարկներ են անում: Եթե նկատել եք՝ խորհրդարանական վերջին քառօրյան բավական ակտիվ էր, որովհետև թե՛ ավանդական՝ տիտուլային ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին այս  վակուումը հերթական անգամ իրենցով անել, խոսքս ՀԱԿ-ի մասին է, թե՛ ընդդիմադիրներ, որոնք առայժմ որպես անհատներ են հանդես գալիս, փորձեցին շատ ավելի կտրուկ ելույթներով տեղավորվել այդ դաշտում: Հիմա այդ գործընթացը սկսվել է: Բայց ես էլի եմ պնդում և կարծում եմ, որ իշխանությունը փորձելու է, այնուամենայնիվ, ձևավորել նախևառաջ քիչ թե շատ արևմտյան ընդդիմություն:

-Ինչ-որ ուժի տեսնո՞ւմ եք արդեն:

- Ո՛չ, հիմա այդ ուժը չկա, հիմա կան անհատներ:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ կրկին «Դ!ԵՄ ԵՄ»–ն ակտիվություն ցուցաբերի:

-Դժվարանում եմ ասել, հետևելով «Դ!ԵՄ ԵՄ»–ին՝ նկատել եմ, որ «ԴԵՄ ԵՄ»–ը մինչև հիմա փորձում էր քաղաքական դաշտից հեռու լինել: Ես հիմա չեմ կարող կանխատեսել «Դ!ԵՄ ԵՄ»–ին հարցով, բայց տեսնում եմ մի գործընթաց, որ իշխանությունն ուզում է ձևավորել ընդդիմություն, և այն էլ արևմտամետ:

-Ինչո՞ւ անպայման արևմտամետ:

-Արևմտամետ ընդդիմությունը ձեռնտու է նրանով, որ Ռուսաստանի հետ խոսելիս դու ասում ես, որ տեսեք, իմ մոտ բավական լուրջ ընդդիմություն կա և ես ձեր աջակցության կարիքն ունեմ, իսկ աջակցությունը կարող է լինել թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, և մյուս կողմից էլ նույն ամերիկացիներին կամ եվրոպացիներին ասում ես, որ մեր մոտ նորմալ հարաբերություններ են նաև արևմտյան կողմի հետ:

-Դուք ասում եք՝ փորձում են ընդդիմություն ձևավորել: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ թեկուզ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի համախմբում լինի:

- Հայաստանում մի քանի անգամ եղել է այդպիսի համախմբում ընտրություններից առաջ, բայց դա եղել է այն ժամանակ, երբ հստակ ընդգծվել է առաջնորդը: Դա եղել է մեկ 1996 թվականին՝ Վազգեն Մանուկյանի օրոք, հետո նման համախմբում եղավ 2008 թվականին, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ այդ պահին Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը բավական բարձր է: Այդ ժամանակ ընդդիմադիր ներկայացողներից միայն Արթուր Բաղդասարյանը չներկայացավ, իհարկե, հետո բոլորս հասկացանք, թե ինչու: Համախմբումներ ստացվում են միայն նախընտրական շրջանում, երբ արդեն հստակեցվում է իրական ուժերի հարաբերակցությունը: Հետընտրական գործընթացներն էլ են շարունակվում: Հայաստանում միշտ էլ ընդդիմադիր բոլոր դաշինքները, որոնք մասնակցում են ընտրությունների, ավելի շատ ոչ թե պատրաստվում են ընտրությունների, այլ հետընտրական զարգացումներին: Դա փաստ է:

-Պարբերաբար նշվում է, որ ընդդիմադիր դաշտում չկա համախմբում, սակայն նույն վիճակն իշխանական թևում է. Ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն է ձևավորվում, պորտֆելները բաժանվում են, և ինչպես փորձը ցույց տվեց, կոլաիցիոն կառավարությունն էլ է կարճ կյանք ունենում:

-Հայաստանում ստեղծված բոլոր կոալիցիաներն արհեստական են, որովհետև դրանք ստեղծվում էին զուտ Սերժ Սարգսյանի քմահաճույքով, որովհետև կոալիցիոն կառավարություն ստեղծվում է այն ժամանակ, երբ որևէ քաղաքական ուժ չի կարողանում ինքնուրույն ձևավորել կառավարություն, խորհրդարանական ընտրություններում այդ ուժի հավաքած ձայները չի հերիքում: Հանրապետականի մոտ միշտ էլ հերիքում է, ուղղակի իրենք բարի կամքի դրսևորում են անում, ինչպես իրենք են ասում, և հրավիրում են մյուս ուժերին:

-Իսկ ո՞րն է այս ամենում ՀՅԴ-ի տեղը:

- Ես այսօր որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի ՀՅԴ-ն վերադառնա կոլաիցիա, որովհետև ՀՅԴ-ն հայ-թուրքական հարաբերությունների լոզունգով է դուրս եկել կոալիցիայից: Հիմա Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից, ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ապա հենց այդ երկու ուժերն էլ կողմնակից են խորհրդարանական այդ մոդելին: Այնպես որ, որևէ լուրջ խոչընդոտ չկա: Կարող եմ նաև կանխատեսում անել, որ ապրիլի 24-ից հետո կամ թեկուզ հանրաքվեից հետ, կախված նրանից, թե երբ Դաշնակցությունը կստանա այդ առաջարկությունը, կարող է այդ գործընթացը լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել