Իմ ֆեյսբուքյան հարգարժան ընկերներից մեկն անկեղծորեն կարծում է, որ ես հակառուսական տրամադրությունների կրող եմ: Այդ տեսակետի հետ համաձայն կլինեմ միայն այն դեպքում, եթե նույնականացվում են Ռուսաստանն ու Պուտինի իշխանությունը:
Մյուս կողմից, ես մեղավոր չեմ, որ պատմաբան եմ ու, ի տարբերություն շատերի, պատմական փաստերի համադրմամբ՝ հասկանում եմ, որ աշխարհը վաղուց քայլում է 21-րդ դարի պողոտայով, իսկ Ռուսաստանը մնացել է 20-րդ դար կոչվող լաբիրինթոսում, ընդ որում՝ ուժասպառ լինելով փակ համակարգում անօգուտ պտույտներ տալով: Իհարկե, սրանում մեղքի իր բաժինն ունի նաև ռուսաստանյան հասարակությունը, բայց առաջին հերթին՝ կառավարման այն մշակույթը, որը տասնամյակներով ձևավորվել է տարբեր անուներով հանդես եկող այս կայսրությունում (տվյալ դեպքում՝ կայսրություն բառը պետք չէ բացասական իմաստով ընկալել):
Ռուսաստանում չափազանց շատ են «պատահականությունները» ու դրանց «պատահական» կրկնությունները: 1911թ-ին, երբ սպանվեց վարչապետ Ստոլիպինը, պարզվեց, որ նա խոցվել է վախկոտ մի տղամարդու ձեռքի թափահարումից, ում մոտ չգիտես ով զենք էր թողել: Ծիծաղելի է, բայց Նեմցովի սպանության առաջին ժամերին ծիծաղելի նման վարկածներ արդեն լսել ենք: Օրինակ, վերջում կարող է պարզվել, որ Նեմցովին սպանել է մի հարբեցող, մանավանդ, ալկոհոլային խմիչքը Ռուսաստանում էժանացել է ու դարձել մատչելի հասարակական ավելի շատ խմբերի, այդ թվում՝ քնելու տեղ չունեցող ու այդ ժամին փողոցում թափառող բոմժերի համար:
Բայց հատկապես նման են Կիրովի ու Նեմցովի սպանությունից հետո հնչող վարկածները: Պատկերացնո՞ւմ եք՝ Լենինգրադի կոմունիստների առաջնորդին իբրև թե սպանել էր նրա սիրուհու խանդոտ ամուսինը: 1934թ-ից անցել է 81 տարի, սակայն ռուս իրավապահների երևակայությունը 18 տարով էլ չի աճել: Երբ նոր էր սպանվել Նեմցովը, շրջանառվում էր նաև խանդի վարկածը. իբրև թե նրան պատժել են նրա ընկերուհու՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի հարազատները: Մի անգամից երկու «նապաստակ»՝ ապաքաղաքական խանդի հող ու քաղաքականացված «ուկրաինական հետք»: Հիմա կասեն՝ ռուսատյաց եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել