Tert.am-ը գրում է․

Չնայած Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանին ԵՄ դրամական աջակցությունը շարունակվում է, բայց այն մոտ երեք անգամ ավելին կլիներ, եթե Հայաստանը չգնար ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ի պատասխան հարցի, թե 2013-ի սեպտեմբերի   3-ից հետո արևմտյան և ամերիկյան քանի նախագիծ է փակվել, կասեցվել, չեղարկվել կամ սառեցվել Հայաստանում:

«Եթե խոսքն ընդհանրապես Հայաստանին աջակցության մասին է պաշտոնական խողովակներով, ոչ թե փակվել են, այլ նախատեսված ծրագրերը  իրականություն չեն դարձել: Թե որքան` չեմ կարող հստակ  ասել, բայց կարծում եմ՝ մեկը երեքի հարաբերակցությամբ կորցրել ենք հնարավոր աջակցությունը: Այսինքն՝ կարող էր երեք անգամ ավել լինել»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է ոչ  պաշտոնական խողովակներով աջակցությանը, ասենք՝ քաղաքացիական հասարակությանը՝  նրանց կողմից բարեփոխիչ ծրագրեր իրականացնելու համար, ապա ԵՄԱ նախագահը նկատեց, որ այստեղ տեղի է ունեցել ոչ թե փակում, կրճատում, այլ` նոր ռազմավարությունների մշակում:

«Եվ այդ ռազմավարությունները ենթադրում են, որ հիմնական աջակցությունը գնալու է այն երկրներին, որոնք հետևողական իրականացնում են արևմտյան տիպի բարեփոխումների ծրագրեր»:

Ավելի կոնկրետ՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների համար մեկ տիպի աջակցության մասին է խոսքը, և արդեն իսկ Արևելյան գործընկերության շրջանակներում առանձնացված են  ֆինանսական օգնության գործիքները, որոնք նախատեսված են Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի համար, և գործիքները, որոնք նախատեսված են այլ երկրների համար:

Բնական է, որ երկրորդ խմբի երկրների համար այն շատ ավելի պակաս է, քան առաջին:
Ի պատասխան հարցի, թե այնամենայնիվ` ԵՄ-ն Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար տրամադրել է շուրջ 140 միլիոն եվրո, Բորիս Նավասարդյանը նկատեց՝ կլիներ շատ ավելին, այսինքն՝ մոտ երեք անգամ շատ՝ 450 միլիոնի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել