Յուրաքանչյուր մեծ կամ փոքր երկիր ունի իր երկրի անվտանգության իրեն ձեռնտու ու հասանելի համակարգ։ Այդ համակարգը կարող է կատարյալ, կիսակատար կամ լրիվ անկատար լինել։ Սակայն այն կա, և նրա օգնությամբ տվյալ երկիրն ինչ-որ չափով դիմակայում է արտաքին ու ներքին վտանգներին։ 
Յուրաքանչյուր երկիր ունի իր բարձրագույն ղեկավարությունը։ Այն կարող է շատ լավը լինել, քիչ լավը կամ շատ վատը։ Սակայն այն երբեք բացարձակ թշնամի իր երկրին չի կարող լինել, այս հանգամանքը բացառված է։ 
Այնպես որ, եթե որևէ երկրի նիստուկացը մեզնից մեկնումեկին դուր չի գալիս, դա դեռ ոչինչ չի նշանակում տվյալ երկրի համար։ Այդ երկիրն իր անկատար անվտանգության համակարգով ու վատ ղեկավարով իր ձեռքից եկածը կանի իրեն պաշտպանելու համար։ Այդ երկրի հնարավորություններն էլ այդքանն են տվյալ պահին։ Դրան էլ այդպես ընդունենք, ինչպես այն կա, չփորձենք քիթներս մտցնել այդ երկրի կեղտոտ սպիտակեղենի մեջ ու քչփորել առավոտից երեկո, դա այնքան էլ դուրեկան բան չի։ Մտածեք մեր սեփական երկրի սպիտակեղենի վիճակի մասին, որ կեղտոտությունից արդեն համարյա սևացել է։ 
Ռուսը, ամերիկացին, չինացին ու թուրքն իրենց գլխի ճարն առանց մեզ էլ կանեն, եկեք մենք մտածենք մեր երկրի գլխի ճարի մասին։
Գարունը գալիս է։ Ինչքա՞ն արտագնա աշխատող է հեռանալու դեպի խոպան կոչվող անհայտությունը մի քանի կոպեկ վաստակելու համար, որն այնքան էլ հեշտ չի լինելու այս տարի։ Քանի՜ քանիսն են աշնանը տուն վերադառնալու դատարկ գրպանով։ Ինչպե՞ս են նրանք եկող ձմեռը դիմավորելու առանց մի կոպեկ ունենալու։
Քանի տասնյակ հազար հայեր չեն կարողանալու գնալ այդ խոպանը՝ նրանց մուտքը Ռուսաստան արգելված լինելու պատճառով։ Նրանք ինչպե՞ս են պահելու իրենց ընտանիքներին։ 
Հայաստանից արտագնա աշխատանքի չմեկնող ու գործազուրկ ժողովուրդն ի՞նչ անի, որ կերակրվի ու ծածկ ունենա գլխի վրա։
Կարկուտը կամ ցրտահարությունը մեր գյուղացուն ի՞նչ վիճակի մեջ կգցի այս տարի, ու ինչու՞ մեր գյուղացին պաշտպանված չէ բնական աղետներից համապատասխան ապահովագրությամբ։ Նրա արտադրած բերք ու բարիքն արդյո՞ք լավ է իրացվում, ու նա ունի պետական հոգածություն՝ իր քրտինքի արդյունքները հնարավորինս օգտավետությամբ իրացնելու համար։
Այս ու սրա կարգի բազմաթիվ հրատապ հարցերը թողած՝ առավոտից երեկո ախ ու վախ ենք անում՝ այս կամ այն երկրի ու նրանց խնդիրների վրա կենտրոնանալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել