Tert.am-ը գրում է.

Հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներում առկա է դոլարի նկատմամբ ազգային դրամի արժեզրկում: Թեև Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և  Թուրքիայում այն պայմանավորված է մեկ հիմնական պատճառով՝ շուկայից դոլարի կրճատմամբ, բայց յուրաքանչյուրն ունի իր երկրին հատուկ գործոնները:

Այս մասին Tert.am-ին հայտնեց տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տարածաշրջանի երկրների ազգային արժույթների արժեզրկմանը:

«Բայց այդ  ամեն ինչի մեղավորը միայն դոլարն է, դոլարի քանակի կրճատումը համաշխարհային տնտեսության մեջ, և հատկապես՝ Ռուսաստանում, որն իր բոլոր գործընկերների դոլարային պահուստները անհուսալի կերպով քաշում է դեպի իրեն»,- ասաց է Վիլեն Խաչատրյանը, ով ի գիտություն ընդունելով  ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահի վերջին հայտարարությունը՝ կանխատեսում է դոլարի է՛լ ավելի արժևորում և եվրոյի արժեզրկում:

Իսկ հայտարարությունն այն է, որ  ԱՄՆ-ը  խստացնելու են իրենց դրամավարկային քաղաքականությունը, և  հնարավոր է՝  դոլարի  տոկոսադրույք բարձրացնի:

Հիշեցնենք, որ  դոլարի արժևորման համաշխարհային միտումից անմասն չի մնացել տարածաշրջանային և ոչ մի երկիր:

Եվ եթե նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հայկական դրամի ու վրացական լարիի   (լարիի դեպքում ավելի մեղմ) արժեզրկման  ֆոնին ադրբեջանական մանաթը թվում էր կայուն, ապա օրեր առաջ արժեզրկումը անսպասելիորոն «թակեց» Ադրբեջանի տնտեսության դուռը , երբ մեկ գիշերվա մեջ մանաթը արժեզրկվեց մոտ 34 տոկոսով, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները սրբեցին խանութները:

 Իսկ թուրքական ազգային արժույթը՝  լիրան, արժեզրկումներ գրանցեց ողջ նախորդ տարվա ընթացքում և այս տարեսկզբին:

Ըստ Վիլեն Խաչատրյանի՝  Ադրբեջանի տնտեսությունն իր ՀՆԱ-ով մոտեցել է 87 մլրդ դոլարի, և    բավական մեծ ռեսուրսներ ունի դոլարի կուրսը կարգավորելու համար:

«Մինչ այդ, Ադրբեջանը մանաթի կուրսը պահել է կայուն, սակայն այդ կայունությունը կոնկրետացած  սկսում է տանել իր տնտեսությունից: Տանում է այնքանով, որ դոլարային ռեզերվները կրճատվեն: Այսինքն՝ նա տնտեսության մեջ անընդհատ պետք է ինտերվենցիա անի, անընդհատ պետք է դոլար գցի տնտեսության մեջ, որպեսզի կուրսը ցածր պահի»,- ասաց տնտեսագետը, սակայն ավելացրեց, որ անընդհատ ինտերվենցիաները անհնար է որևէ երկրի համար, որքան էլ այն հարուստ լինի, որքան էլ նավթադոլարներ ունենա:

Ադրբեջանի տնտեսության պարագայում Վիլեն Խաչատրյանը պակաս կարևոր չի համարում  նավթի գների գործոնը, որ վերջին շրջանում անընդհատ ցածր մակարդակի վրա է եղել:
«Ադրբեջանի դոլարային պահուստները կոնկրետ նվազել են, քանի որ նավթի վաճառքից դոլարային եկամուտ քիչ է ունեցել: Սա ևս նուրբ գործոն է, որն ազդել է Ադրբեջանի տնտեսության վրա»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Իսկ  լարիի  գործոնը տնտեսագետը պայմանավորում է   հիմնականում  ֆինանսատնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող  Ուկրաինայի հետ գործընկերությամբ. «Այսինքն՝ թուլանում է, քանի որ Եվրոպա մուտք գործելու, առևտրաշրջանառության հետ կապված հարցեր են առաջ գալիս: Բոլոր տեսանկյուններից Վրաստանի տնտեսությունն ունի պրոամերիկյան ուղղվածութուն, և սա ազդում է»:  Վիլեն Խաչատրյանը պակաս կարևոր հանգամանք չի համարում, որ սրանք իրավիճակներ են, որոնք չեն կարող դրական ազդել Վրաստանի տուրիզմի ոլորտի վրա:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» իր փետրվարի 26-ի համարում տեղեկացրել էր, որ  մի   քանի օր է աննախադեպ տեմպերով արժեզրկվում է վրացական արժույթը՝ լարին: Երեկ մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը հասել է 2.26 լարիի, ինչը պատմական ռեկորդ է: Այնինչ, դեռ փետրվարի 24-ին մեկ դոլարը գնահատվում էր 2.19 լարի: Եվ սա այն դեպքում, երբ   Վրաստանի կենտրոնական բանկը 40 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, ինչը կանխել է լարիի շեշտակի փլուզումը:


Վրաստանի  փոխվարչապետ Կախա Քալաձեն  ստիպված է եղել ընդունել, որ երկրում արտարժույթային ճգնաժամ է և  լարիի արժեզրկման պատճառով կառավարությունը մտադիր է մարտից բարձրացնել գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագինը:

 Ինչ վերաբերում է  Թուրքիային, ապա Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2014-ին  արժեզրկման  երևույթներ մի քանի անգամ արձանագրվել են, սակայն Թուրքիային հաջողվել է  այդ  պրոցեսը կայունացնել:

Բայց Վիլեն Խաչատրյանն ասում է, որ  հենց  Թուրքիան սկում է ուժեղացնել   իր տնտեսական դերը կամ   տարածաշրջանում որոշակի անկախություն ձեռք բերել, «սկսում են աշխատել» հակառակ պրեցեսների համար:

Սրան, ըստ տնտեսագետի, նպաստեց նոր «Հարավային հոսքի» փակվելուց հետո Թուրքիայի թիրախավորված վիճակում հայտնվելը:

Ներկայացնում ենք Lragir.am-ի ներկայացրած տեղեկությունը  ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից քանակական ընդլայնման ծրագիրը դադարեցնելու, ինչպես նաև նավթի գների անկման ֆոնի վրա նկատվող ամերիկյան դոլարի արժևորման դինամիկայի վերաբերյալ: Ըստ այդմ՝  վերջին 1 տարվա ընթացքում (2013թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 10-ը)  դոլարի նկատմամբ եվրոն նվազել է 10.8 %, բրիտանական ֆունտ ստեռլինգը՝ 4.3 %, շվեյցարական ֆրանկը՝ 9 %, ավստրալական դոլարը՝ 5.6 %, բրազիլական ռեալը՝ 9.6 %, մեքսիկական պեսոն՝ 8.9 %, թուրքական լիրան՝ 8.7%: Իսկ ահա հնդկական ռուփիի և չինական յուանի փոխարժեքները էական տատանումներ չեն ունեցել:

Հետխորհրդային երկրներում նույնպես նկատվում է ազգային արժույթների փոխարժեքների նվազում, մասնավորապես՝ ռուսական ռուբլին այս ժամանակահատվածում նվազել է 59 %, ուկրաինական գրիվնան՝ 82 %, մոլդովական լեյը՝ 19 %, ղազախական տենգեն՝ 18.1 %, ղրղզական սոմը՝ 17.1 %,  բելառուսական ռուբլին 14.6 %, հայկական դրամը՝ 11 %, վրացական լարին՝ 10.26 %, ուզբեկական սոմը՝ 8.9 %, տաջիկական սոմոնին՝ 6.6 %:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել