Չէ, հանցանքը, մեծ հանցանքը քայքայված տնտեսությունը չէ: Վերջապես, դա արդյունքն է: Հանցանքը մարդուս դատարկված հոգին է...

Սոս Սարգսյան

Ամենուր ու անդադար խոսվում է, որ 2015 թ-ը բեկումնային և կարևոր տարեթիվ է մեր ժողովրդի ու պետության համար: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարեթիվը խորհրդանշական է թե՛ մեզ, հայերիս, թե՛ միջազգային հանրության համար: Մի ողջ ազգի բնաջնջմանն ուղղված ցանկացած ռասիստական քաղաքականություն ոչ միայն վտանգում է կոնկրետ էթնիկ միավորի գոյությունը, այլև լուրջ մարտահրավեր է ողջ մարդկության հետագա զարգացմանը: Ողջ աշխարհում գլուխ բարձրացրած անասելի դաժանության ու բռնությունների ալիքը ստիպում է վերարժեքավորել ու վերաիմաստավորել 21-րդ դարի մարդու աշխարհայացքը: Դեպի հումանիստական, մարդակենտրոն քաղաքակրթություն տանող «ճամփորդության» մեջ երկրորդական դերակատարումներ չկան: Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր պետություն ունի իր ուրույն դերն ու առաքելությունը: Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը շարժվել է իր այդ հատուկ առաքելության գիտակցմամբ: Հայը միշտ եղել է հոգևոր ու մշակութային արժեքների կրողն ու տարածողը՝ իր բազում տառապանքների ու զրկանքների գնով: Պատմական այդ առաքելության ու «սեփական խաչը կրելու» այդ զգացումով էլ նա դիմացել է բոլոր փորձություններին՝ դառնալով հանդուրժողականության, տոկունության ու միասնականության խորհրդանիշ: Իր պատմության ու ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությունն է, որ օգնել է հային վերագտնել կորսված անկախությունն ու պետականությունը: Սակայն այսօր, հայոց մեծ վշտի 100-ամյակի տարելիցին մենք կրկին կանգնած ենք մեր ուղղուց շեղվելու վտանգի առաջ: Այս տարելիցը մեզ պետք է միավորեր շատ ավելի լուրջ, իմաստավորված ու արժեվորված լոզունգի շուրջ, քան «100-ամյակն առանց ռեժիմի»: Մենք պետք է անեինք ամեն ինչ, որ մեր ազգն ու ապրիլի 24-ին մեր կողքին կանգնած ողջ քաղաքակիրթ հանրությունը միավորվեր «Հայոց Եղեռնի 100-ամյակն առանց բռնությունների» լոզունգի շուրջ: Պետք էր ամեն ինչ անել, որ 2015 թ-ը դառնար հանդուրժողականության, սեփական պատմության ու ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության, հույսի ու հավատի վերագտման կոչ: Այնինչ, ցավոք, այն տպավորությունն է, որ միջնադարյան ֆեոդալական մտածողության կաղապարներում պարփակված մեր քաղաքական դաշտում հենց պատասխանատվության, հանդուրժողականության, հույսի ու հավատի պակաս կա: Մենք երկու 10-ամյակից ավել է մտածում ենք կամ ձևացնում ենք, թե մտածում ենք, ամեն ինչի մասին, բացի կրթության ու դաստիարակության: Իսկ դրանք բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի հիմնասյունն ու երաշխիքն են: Միայն պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալով՝ կարելի է կյանքում ճիշտ կատարել ազատ ընտրություն և պատասխանատու լինել քո ընտրության համար: Կրթական համակարգի՝ տարիների ճգնաժամը բերեց մեզ նրան, որ գլխիվայր շուռ եկավ աշխատանքի մասին մեր պատկերացումը: Այն արարելուց, նորն ու օգտակարը ստեղծելուց վերածվեց միայն շատ փող աշխատելու: Հենց այդ շատ փող աշխատելու մոլուցքն է, որ բերեց մասնագիտություն ու հետագա զբաղմունք ընտրելու հարցում պատասխանատվության իսպառ բացակայությանը: Ազգովին դարձել ենք բոլոր հնարավոր ու անհնար գիտությունների դոկտորներ, բոլոր հնարավոր ու անհնար ոլորտների փորձագետներ: Յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում զբաղվել ինչով ուզի՝ առանց համապատասխան պատրաստվածության ու փորձի: Արդյունքում, պատասխանատու պահերին ու պատասխանատու տեղերում պատասխանատու անձանց կատաստրոֆիկ պակաս ունենք: Դա համատարած է. պատմության վերաիմաստավորում, արվեստ, գիտություն, կրթություն և քաղաքականություն: Վերջինի դեպքում բախտախնդրությունը այսօր մեզ երկար լուծում պահանջող խնդիրների առաջ է կանգնեցրել: Դաշտ են մտնում գաղափարական ու արժեքային ռեսուրսներից իսպառ զուրկ, սակայն ֆինանսական ռեսուրսներ ունեցող խաղացողներ, ովքեր փորձում են թելադրել իրենց կանոնները: Խոսքը գնում է ոչ միայն ու ոչ այնքան վերջին շաբաթների քաղաքական իրադարձությունների մասին: Սրանք վաղուց սկսված գործընթացների ուշացած հետևանք էին, որ ի հայտ եկան այն պատճառով, որ խաղացող կողմերից մեկն զգաց քաղաքակիրթ ու գրագետ պայքարի հրամայականը: Այո, ժողովրդավարական համակարգում ժողովուրդն իրեն «ապահով» զգալու համար կարիք ունի նաև նորմալ, քաղաքակիրթ ընդդիմության: Երկրում առկա հսկայական խնդիրները, իշխանության թույլ տված գնալով կուտակվող սխալները պետք է ստիպեին նորմալ ընդդիմությանը քաղաքական դաշտ մտցնել գրագետ ու բանիմաց, պատասխանատու խաղացողների: Իսկ դա չեղավ: Իշխող կուսակցության քաղաքական վերջին մեսիջը ինչ-որ տեղ կոպիտ ու ծանր հնչեց հենց իր ուշացվածության ու հրատապության պատճառով: Երբեմն հիվանդի բուժման համար միակ հրատապ միջոցը շոկային թերապիան է լինում, ոչ ադեկվատ վարք ցուցաբերողին էլ սթափեցնում են ապտակով կամ սառը ցնցուղով: Որքան էլ փորձենք գույներն անհարկի չխտացնել, սակայն, վիճակն իրոք տխուր է: Քանի որ նման ցնցուղ պետք է ոչ միայն քաղաքական դաշտում: Մեկ անձի, ավելի ճիշտ նրա ռեսուրսների ու հնարավորությունների շուրջ «համախմբման» երևույթը մեր երկրում հատուկ է ոչ միայն քաղաքականությանը: Հենց սա է միջնադարյան ֆեոդալիզմի հիմնական գծերից մեկը, որ բնորոշ է մեզ մինչ օրս. ամենուր և ամեն վայրկյան հանդիպում ես «անսահմանափակ լիազորություններով ԻՆՔՆԱ-օժտված իշխանիկների», որոնք ցանկացած բռնակալից աղետաբեր են: Սեփական անձից ու նրա շահերից այն կողմ ոչինչ ու ոչ ոքի չնկատող իշխանիկներ: Ամենակարող, ամենագետ… Իսկ արդյունքում, դեռ երեկ ամպագոռգոռ բառերով մարդկանց «համաժողովրդական» շարժման կոչողներն այսօր լքում են շարքերը կամ էլ իրենց այլևս իրավունք չեն վերապահում խոսել կուսակցության անունից: Սրանից մեծ անպատասխանատվություն ընտրողների նկատմամբ չի կարող լինել: Կրկին «Հայաստանի Հանրապետություն» ՓԲԸ-ում բաժնետոմսերի առուծախ է ու աթոռակռիվ: Կատաղի ու անսկզբունք: Կռիվ, որ պրոյեկցվում է ողջ հասարակության վրա: Թվում է, թե այդքան հաճախ բռնության զոհ դարձած ազգը պետք է հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի օազիս դառնար: Սակայն այսօր մեր հասարակության ներսում այնքան ագրեսիա կա, որ կբավականացներ ողջ մայրցամաքին: Պատճառներ շատ կարելի է նշել: Սակայն հիմնականը թերևս Մարդու հանդեպ հարգանքի ու նաև հավատի բացակայությունն է: Այն Մարդու հանդեպ, ով այս համատարած բռնության ու մարդատյացության պայմաններում պիտի ուժ գտնի իր մեջ վերածնվելու: Հավատն առ Մարդը Աստծո հանդեպ հավատից առաջ է, նրանից հետո է ու նույնիսկ նրանից վեր է: Որովհետև նախ Աստված հավատաց Մարդուն: Հենց այդ հավատի կրողն ու պաշտպանը դարձավ հայը 301 թ-ին, ու այդ հավատի շնորհիվ նա հասավ 21-րդ դար: Այսօր, իր ու համայն մարդկության հանդեպ կատարված ոճրից 100 տարի անց, հայն իր զավակների արյան գնով վերագտած երկու պետություններով ու հզոր սփյուռքով պետք է դառնար նույն այդ Մարդու հանդեպ հավատի վերածնման օջախ: Ապրիլի 24-ին Ծիծեռանակաբերդի բլուրում իր զոհերի հիշատակի առաջ պետք է գլուխ խոնարհեր արժանապատիվ, հանդուրժող ու պատասխանատու ԱԶԱՏ հայը, այլ ոչ թե կուլակաթափ եղած ընդդիմության ու իր սխալներն անվերջ շտկող իշխանության պայքարից հոգնած, ընկճված ու միջնադարյան իշխանիկներին հոգով ու մարմնով ծառա դարձած հայը: Հսկայական ժամանակ ենք կորցրել: Մենք մեր պատմությունից հետ ենք ընկել ու շատ քիչ ժամանակ ունենք նրան հասնելու համար: Այս վիճակից դուրս գալը բոլորիս պարտքն է: Հասարակ քաղաքացիներիս պարտքն է, որ հաճախ չենք գիտակցում, որ պետությունը մեզ ոչինչ պարտական չէ, այդ մենք ենք պարտք մեր զավակներին, որ դիմացինին օգնելու, միասնական լինելու, բարեկեցիկ երկիր կերտելու, համատարած խավարում լույս վառելու պարտականությունը ոչ ոք մեր ուսերից պետության վրա չի դրել: Պարտքն է իշխանությունների, որ հաճախ մոռանում են, որ իրենք ոչ թե այս պետության ու մեր ղեկավարներն են, այլ սոսկ կառավարիչներ, ովքեր պետք է ապահովեն, որ ամեն մեկն իր տեղում լինի, և որ իրենց ներկայացվող ամենակարևոր պահանջներն են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և սրտացավությունը: Նաև դեղին մամուլի վերածված տպագիր, հեռուստա- և համացանցային տեղեկատվական միջոցների պարտքն է, որ վերջ տան մարդկանց գլխին թափվող ու նրանց անհույս, անինքնավստահ զոմբիների վերածող այն բացասական էներգիայի հեղեղը, որ իրենք տեղեկատվություն ու ժամանց են անվանում: Բացի փոխադարձ վիրավորանքներից, վարկաբեկումներից, «ըստ որոշ աղբյուրների» բամբասանքներից, խեղված ճակատագրերից, քրեական խրոնիկայից ու ագրեսիվ սերիալներից ուրիշ ոչինչ չկա: Ասես ապրում ես մի երկրում, ուր լուսավոր ու պայծառ ոչինչ տեղի չի ունենում: Պարտքն է կրթության ոլորտի պատասխանատուների ու բոլոր ծնողների, որ ուժեղ, կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակեն: Պարտք ենք ինքներս մեզ ու մեր զավակներին, որ հայն իր գլուխը խոնարհի միայն Ծիծեռնակաբերդում ու Եռաբլուրում՝ 1.5 մլն. անմեղ զոհերի ու մեր բոլոր ազատամարտերի հերոսների հիշատակի առաջ: Կհաջողվի՞ արդյոք դա մեզ ու քանի սերունդ հետո, կախված է միայն մեզանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել