«Շրջանառության հարկի մասին» օրենքում ներառված 100 տոկոս փաստաթղթաշրջանառության պահանջն անցյալ տարվանից սկսած հանդիպում է ՓՄՁ ներկայացուցիչների լուրջ դիմադրությանը, ինչի հետևանքով օրենքի կիրառումը պարբերաբար հետաձգվում էր:

ՓՄՁ ներկայացուցիչները նշում էին նաև, որ մտահոգություններ ունեն` կապված օրենքի մի շարք դրույթների հետ: Մանավորապես` նրանք առաջարկում էին բարձրացնել շրջանառության հարկ վճարելու համար նախատեսված շեմը, փաստաթղթավորումը դարձնել կամավոր և այլն:

Կառավարությունում ՓՄՁ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո առաջարկվող օրինագծում կատարվեցին նոր փոփոխություններ: Ըստ այդ փոփոխությունների՝ բարձրացվեց շրջանառության հարկ վճարելու շեմը` 58.35 մլն դրամից հասցվեց մինչև 113.4 մլն դրամի: Այնուհետև ընտրովի դարձվեց փաստաթղթավորման պահանջը, իսկ նրանք, ովքեր, այդուհանդերձ, նախընտրում են առանց փաստաթղթավորման աշխատել, ապա նախկին 3%-ի փոխարեն արդեն պետք է վճարեն 5%: Այսինքն, փաստաթղթավորման պահանջը կատարելու համար գործի են դրվում խրախուսական մեխանիզմներ, քանի որ այն ներկայացուցիչները, ովքեր կփաստաթղթավորեն իրենց առևտրաշրջանառությունը, ավելի քիչ հարկ կվճարեն` ընդամենը 1,5 տոկոս: Փաստորեն ՓՄՁ ներկայացուցիչների հիմնական պահանջները իրականացվեցին:

Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, շրջանառության հարկում առաջարկվող սույն փոփոխություններից հետո այն լայն արձագանք չգտավ: Խնդիրը նրանում է, որ մինչև վերոնշյալ փոփոխությունների իրականացումը տոնավաճառների որոշ սեփականատերեր ու քաղաքական ուժեր փորձում էին օգտվել ստեղծված իրավիճակից և հասարակ քաղաքացու հետևից իրենց գիծը առաջ մղել: Ու չնայած այս հանգամանքին` առևտրականները կարողացան համաձայնության գալ կառավարության հետ:

Իսկ այժմ ո՞ւր են ՓՄՁ-ների պայքարը տակից ուղղորդող ուժերը և մարդիկ, երբ որ քաղաքացին մենակ է մնում հոգսերի հետ, դժվար է ասել: Սակայն հարց է առաջանում, թե ինչի՞ համար են առհասարակ քաղաքական ուժերը, եթե նրանց միայն նեղ անձնային հարցերն են հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել