Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 10 խոշորագույն ցանցերը։ Դրանցից ոմանք դուք շատ լավ գիտեք, իսկ ոմանց մասին էլ կլսեք առաջին անգամ։

10. Snapchat (100 միլիոն օգտատեր)

Այս ցուցակի հավանաբար ամենաամբիցիոզ ու հեռանկարային սոցիալական ցանցն է, որին կանխագուշակում են մեծ փառք, ու նույնիսկ խոսակցություններ կան, որ այն կարող է մի օր գերազանցել Facebook-ին։ Ավելին, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Facebook-ը փորձել է գնել այս սոցիալական ցանցն ու նույնիսկ 3 միլիարդ դոլար է առաջարկել գործարքի համար, սակայն առաջարկը մերժվել է, իսկ այսօր Snapchat-ը գնահատում են առնվազն 10 միլիարդ դոլար։

Snapchat-ն իրենից ներկայացնում է ֆոտո ու վիդեո կոնտենտ տարածող ցանց, որը սակայն առանձնանում է բոլոր այլ սոցիալական ցանցերից նրանով, որ դրանով տարածված կոնտենտն անհետանում է մեկընդմիշտ՝ առավելագույնը 24 ժամ հետո։

9. Vkontakte (100 միլիոն օգտատեր)

Ռուսական խոշորագույն սոցիալական ցանցը ներկայումս գրավում է 9-րդ հորիզոնականը, նույնիսկ այն բանից հետո, երբ դրանից դուրս մղեցին Վկոնտակտեի հիմնադիր Պավել Դուրովին։ Մինչ օրս էլ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ VK-ն ոչ այլ ինչ է, քան ֆեյսբուքի պլագիատ, սակայն դրանից այն չի դադարում հանդիսանալ ԱՊՀ տարածքում ամենամեծ պահանջարկ ունեցող սոցիալական ցանցերից մեկը ու խոշորագույնն է ռուսախոս օգտատերերի քանակով։

8. Tumblr (221 միլիոն օգտատեր)

Tumblr-ը միկրոբլոգային պլատֆորմ է, որը թեև բավականին մեծ օգտատերերի բանակ ունի (221 միլիոն), բայց ոչ մի հեղափոխական առանձնահատկություն չունի՝ համեմատած նույն Twitter-ի կամ էլ Facebook-ի հետ, ու դրա օգտատերերի թիվը նվազման դինամիկա ունի։

7. Twitter (284 միլիոն օգտատեր)

Թեև կա տարածված մի կարծրատիպ, որ Twitter-ը հանդիսանում է երկրորդ խոշորագույն սոցցանցն աշխարհում Ֆեյսբուքից հետո, դա, ինչպես տեսնում եք, այդպես չէ։ Այո, դրա գրանցած օգտատերերի թիվն անցնում է 500 միլիոնը, սակայն ակտիվ օգտատերերի քանակը մոտ կրկնակի անգամ ավելի քիչ է ու կազմում է 284 միլիոն մարդ։ Ի դեպ, Twitter-ի փոխնախագահներից մեկը՝ Րաֆֆի Գրիգորյանը, մեր հայրենակիցն է։

6. Instagram (300 միլիոն օգտատեր)

Վերջին տարիներին համացանցում իրական հեղափոխության բերած այս պրոյեկտն իրենց ներկայացնում է սոցիալական ցանց, որի միլիոնավոր օգտատերեր առավելապես հրապարակում են իրենց՝ սմարթֆոններով արված լուսանկարներն ու շփվում միմյանց հետ։ Սա աստղերի, հանրային դեմքերի ու գլամուրային կերպարների սիրելի սոցցանցն է, որն իսկական կախվածության մեջ է պահում միլիոնավոր մարդկանց։ Ի դեպ, Facebook-ի հետ կնքված գործարքից հետո, որի արդյունքում Ցուկերբերգի ընկերությունը 1 միլիարդ դոլարով ձեռք բերեց այս սոցցանցը՝ Instagram-ը կամ ավելի ճիշտ՝ instagr.am-ը, դարձավ հայկական am դոմեյնում վաճառված ամենաթանկարժեք պրոդուկտը։

5. Linkedin (332 միլիոն օգտատեր)

Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցն է, որն ունի հստակ ընդգծված բիզնես ուղղվածություն։ Այստեղ առավելապես այնպիսի օգտատերեր են, ովքեր սոցցանցն օգտագործում են աշխատանքային նոր առաջարկություններ, նոր գործատուներ, գործընկերներ կամ էլ աշխատակիցներ գտնելու համար, ինչպես նաև բիզնես կոնտակտներ հաստատելու նոր գործընկերների հետ։ Ներկայումս ցանցում գրանցված է 332 միլիոն օգտատեր։

4. Google+ (343 միլիոն օգտատեր)

Թեև այս ցուցակում Google+ սոցցանցը չորրոդն է, սակայն այն հանդիսանում է Ֆեյսբուքի թիվ մեկ մրցակիցը, քանի որ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնող սոցցանցերի տիրույթն առավելապես հենց Չինաստանի ներքին շուկան է, որտեղ երգու գիգանտներն էլ պարտվում են տեղական սոցցանցերին, իսկ մնացած աշխարհում այս երկու գիգանտները սուր մրցակցության մեջ են, ու Google+ ցանցը տարեցտարի կրճատում է իրենց տարբերությունը՝ առաջարկելով գուգլի բոլոր ծառայություններն ու առաջարկներն օգտագործելու լայն հնարավորություն իր հարթակում և դրան գումարած այն ամենը, ինչ կարելի է անել Ֆեյսբուքում։ Ներկայումս Google+ ցանցն ունի մոտ 343 միլիոն ակտիվ օգտատեր։

3. Sina Weibo (400 միլիոն օգտատեր)

Միկոբլոգերի հրապարակման չինական այս հարթակն իրենից ներկայացնում է Twitter-ի ու Facebook-ի հիբրիդ, ու քանի որ Չինաստանում արևմտյան սոցիալական ցանցերն արգելափակված են, դրանց տեղը վիրտուալ շուկայում հաջողությամբ լրացնում է Sina Wiebo-ն, սակայն սա դեռ անամպ երկինք չի ապահովում չինական այս սոցցանցի համար, քանի որ Չինաստանի մեդիա դաշտում սուր մրցակցություն կա չինական այլ ցանցերի հետ։

2. QZone (645 միլիոն օգտատեր)

Չինական այս խոշորագույն ցանցը, ըստ էության, չի առաջարկում ոչ մի հեղափոխական նոր բան, իսկ դրա որոշ ծառայություններ վճարովի են և կարող են ակտիվացվել առանձին-առանձին կամ էլ միանվագ վճարումից հետո ձեռք բերված փաթեթով։ Ներկայումս սոցցանցում գրանված են մոտ 650 միլիոն օգտատեր՝ առավելապես չինացի, որոնցից 150 միլիոնն առնվազն ամիսը մեկ անգամ թարմացնում են իրենց էջը, ինչը թույլ է տալիս, որպեսզի այս կայքը լինի 2-րդ խոշորագույնն աշխարհում։

1. Facebook (1.35 միլիարդ օգտատեր)

Աշխարհի խոշորագույն սոցցանցը շարունակում է մնալ Facebook սոցիալական ցսնցը՝ իր 1.35 միլիարդ գրանցված օգտատերերով, որոնցից ակտիվ են 890 միլիոնը։ Ֆեյսբուքն այնքան հսկայական է ու այնքան այլ սոցիալական ցանցեր ու հավելվածներ է գնել, որ դրա շուկայական արժեքն արդեն հասել է 212 միլիարդ դոլարի։ Սակայն ներկայումս նկատվում է աճի դանդաղացում, եթե չասենք նվազման միտում։ Ֆեյսբուքը դադարում է նորարարություն լինել, ու պարբերաբար դժգոհություններ են հնչում դրա վարած քաղաքականության պատճառով, որը հաճախ ոտնահարում է օգտատերերի ընտրության ու ազատության իրավունքը, ինչը ժամանակին այդքան գրավիչ էր նույն Ֆեյսբուքում։ Սակայն դեռ վաղ է խոսել ֆեյսբուքյան հեգեմոնիայի ավարտի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել