Սոցիալական փաթեթի շահառուներին 2015-ի հունվարից հնարավորություն է ընձեռնվել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել նաև ապահովագրական ընկերությունների միջոցով ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռք բերմանը, որը նախատեսված է շահառուի ընտանիքի անդամի (կին/ամուսին և մինչև 27 տարեկան զավակ) համար: Փաթեթի շրջանակներում, սակայն, փոխհատուցման ենթակա չեն հետևյալ ծառայությունները.

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`
ա. սրտի վիրահատական միջամտություններին,
բ. ներանոթային միջամտություններին.

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն.

8) ապահովագրական ընկերության կողմից իրականացված նախնական բժշկական զննման արդյունքում հայտնաբերված հիվանդությունները` բացառությամբ դրանց` անհետաձգելի հիվանդանոցային բուժում (այդ թվում` սրտի վիրահատական միջամտություններ և նյարդավիրաբուժական ներանոթային միջամտություններ) պահանջող սրացումների և բարդությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել