Tert.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Regnum գործակալությանն ու խոսել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի թեմայի շուրջ:

Նախարարը նշել է, թե դա չափազանց նուրբ հարց է մեզ համար:

«Մի կողմից մենք գիտակցում ենք, որ ցանկացած պետություն իրավունք ունի զենքի առևտրով զբաղվելու, սակայն նաև գիտակցում ենք, որ ռազմավարական գործընկերոջ շահերն ու հետաքրքրությունները ևս պետք է հաշվի առնվեն: Հուսով եմ, որ մեր ռուս գործընկերները հետևում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն ու փորձում են չափավորել մեր հարևանի «զինվելու մոլուցքը»»,-ասել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև վերջին շրջանում հրադադարի խախտման մասին ու անդրադարձել լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին:

Նա նշել է, որ լայնամաշտաբ գործողություննների վերսկսման հավանականությունը չի կարելի  անտեսել, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական խաղաղության համաձայնագրի չեն հասել:

«Հայկական կողմը հետևել է 1994 թվականից ուժի մեջ մտած հրադադարի պայմանին: Իրավիճակը կտրուկ վատացավ 2014 թվականի ամռանն ու շարունակվում է այս տարի»,- ասել է նախարարն ու հիշեցրել անցյալ տարվա նոյեմբերին ուսումնավարժական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը, բնակավայրերի ուղղությամբ բացվող կրակը՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, դիպուկահարների կողմից բնակիչների վրա կրակ բացելու դեպքերը: Նման դեպքերին հայկական կողմը պատասխանում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:

«Կարո՞ղ են արդյոք մեր գործողությունները հանգստացնել հակառակորդին և նրան կառուցողական հարթություն բերել, թե՞ ավելի կմոտեցնեն մեզ լայնամասշտաբ գործողություններին: Հավանաբար դա ոչ ոք չգիտի»,-ասել է նա:

Պատասխանելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանի և կամ Լեռնային Ղարաբաղի կողմից Ռուսաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ նա նշել է.  «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և երկիրն իրավականորեն ամրագրված պարտավորություններ ունի մեր երկրի ռազմական անվտանգության հարցում: Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամ են և, համապատասխանաբար, փոխադարձ պարտավորություններ ունեն հավաքական անվտանգության և բազմակողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց հույսն առաջին հերթին դնում են ՀՀ Զինված ուժերի և Պաշտպանության բանակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել