Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԲՈՀ-ի ամենակարևոր փաստաթղթում՝ գիտական աստիճանաշնորհման փաստաթղթում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հիմնականում միտված են մի քիչ խստացնելու, ինչ-որ տեղ նաև հեշտացնելու հայցորդների աշխատանքները:

ԲՈՀ-ի նախագահը, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց, թե այդ փոփոխությունները միտված են նաև «կեղծ» գիտական աստիճաններից ձերբազատվելուն:

«Այս կանոնակարգը ոչ միայն գործիք է մեր ձեռքում, այլ մի փաստաթուղթ է, որը կանոնակարգում է ամբողջ գիտական աստիճանաշնորհման համակարգը Հայաստանում»,-ասաց տիկին Արզումանյանը՝ տեղեկացնելով, որ կանոնակարգը ստեղծվել է 1993-1995թթ, երբ ԲՈՀ-ն է կազմավորվել և կառավարության որոշումով հաստատվել է 1997-ին: Նրա խոսքով՝ երկար ժամանակ էր անցել, և փոփոխությունների համար լայն շերտ է բացվել:

«Ասպիրանտուրայում ընդունելության քննությունները կրկնվում էին մինիմումների տեսքով, հիմա արդեն մինիմումները դուրս են եկել, դա արվել է նրա համար, որ նրանք ավելի շատ ժամանակ կարողանան տրամադրել իրենց գիտական աշխատանքներին: Դաշտը հավասարեցված է հայցորդների համար, եթե հայցորդները մեկ անգամ էին քննություն հանձնում, ասպիրանտները՝ երկու, այս փոփոխությունից հետո և՛ հայցորդները, և՛ ասպիրանտները մեկ անգամ են հանձնելու քննություններ»-հայտարարեց ԲՈՀ-ի նախագահը:

Փոփոխություն է կատարվել մեկ այլ մասով ևս. ովքեր ուզում են դառնալ գիտությունների թեկնածուների ղեկավար, նրանց համար պահանջները խստացվել են՝ կրկնակի հոդվածների պահանջ կա:

«Պետք է այն թեկնածուներն ատենախոսություններ ղեկավարեն, ովքեր ավելի ակտիվ են գիտության մեջ: Եթե այսօր դժգոհություններ կան ընդհանուր ատենախոսությունների որակից, դա նաև մասնագիտական խորհուրդների ղեկավարների անբարեխղճության պատճառով է»,-ասաց Լիլիթ Արզումանյանը՝ մանրամասնելով, որ գիտությունների թեկնածուները պետք է ունենան տպագրված 30 գիտական հոդված, որ կարողանան ղեկավար լինել:

Կատարված փոփոխություններով, ըստ ԲՈՀ-ի նախագահի, որևէ վնաս չկա հայցորդների համար, դրանք միտված են նաև ինչ-որ չափով հեշտացնելու հայցորդների աշխատանքը:

Լիլիթ Արզումանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2014 թվականի ընթացքում ԲՈՀ-ի կողմից բեկանվել և վերադարձվել է 128 աշխատանք, դրանց մի մասը արտագրություն է եղել, եղել են նաև բովանդակային հարցեր:

«Այս տարի շատ ցավալի է վիճակը, քանի որ ընդամենը երկու ամիս է անցել,  բայց արդեն 26 աշխատանք հետ է ուղարկվել: Ես չգիտեմ, թե այս տեմպերով ուր ենք հասնելու»,-մտահոգություն հայտնեց Լիլիթ Արզումանյանը:

Նա ասաց, թե իրենց «կռիվը» ոչ թե հայցորդների, այլ մասնագիտական խորհուրդների հետ է:

«Ամեն մեկն էլ կարող է շատ բան ուզել, այդ թվում՝ գիտական աշխատանք: Բայց մասնագիտական խորհուրդները կոչված են գիտությունը գնահատելու համար: Եթե ԲՈՀ-ը հետ է տալիս այդքան աշխատանք, նշանակում է՝ մասնագիտական խորհուրդները թերանում են: Իրականում այդպես չպետք է լինի: Այսօր դա մեր համակարգի թերությունն է: ԲՈՀ-ի պատմության մեջ առաջին անգամ 9 խորհուրդ նկատողություն է ստացել՝ թերանալու համար»,-հայտարարեց Լիլիթ Արզումանյանը՝ միաժամանակ հարց բարձրացնելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու են այդքան ձգտում գիտական կոչումներ ստանալ:

Այդուհանդերձ, բանախոսն ասաց, թե Հայաստանում գիտություն կա, և հայ գիտնականները մրցունակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել