Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ռեժիմը դեռևս խուճապի մեջ է, ինչպես ինքն էր սիրում հաճախ հայտարարել:

Լևոն Զուրաբյանը նշեց, թե խուճապի մեջ էր մինչ նախատեսված՝ եռյակի փետրվարյան հանրահավաք, սակայն այս պահին դեռևս ժամանակավոր հանգիստ է:

«Խուճապի մեջ էր, երբ պետք է լիներ փետրվարի հանրահավաքը և աննախադեպ քայլեր կատարեց, հիմա այս քայլերից հետո տեռորի, հարձակումների միջոցով կարողացան ԲՀԿ-ին խաղից դուրս հանել՝ չգիտեմ ժամանակավորապե՞ս, թե ընդմիշտ։ Այս պահին իշխանությունը մի քիչ հանգստացել է: Բայց դա ժամանակավոր հանգիստ է, որովհետև իրավիճակը աղետալի է, ռեժիմը բոլոր չափանիշներով տապալված է և երկիրը տանում է տապալում»,-ասաց նա:

Թե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն ինչպե՞ս կշարունակվի, Լևոն Զուրաբյանը նշեց, որ դա կախված է ԲՀԿ-ից:

«Որովհետև որոշ հարցերի պատասխան չի տվել, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ուժգնությամբ են պայքարելու ռեժիմի դեմ։ Մենք կսպասենք մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը որոշի և տա:
Մենք չենք միջամտի, ՀԱԿ-ն իր գործն անում է, մենակ է, թե դաշնակիցների հետ միասին, մենք, միևնույն է, մեր սկզբունքներից չենք հրաժարվի: ԲՀԿ-ին պետք է ժամանակ տրվի, մենք պատրաստ ենք համագործակցության ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն պահպանում է դիմադրելու, պայքարելու, ռեժիմի ու սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու ոգին, որը որդեգրել էին վերջին տարիներին կամ ամիսներին»,-ասաց նա և ընդգծեց, թե դիմադրության վերջը կնշանակի երկրի կործանում:


Իսկ թե ԲՀԿ արտահերթ համագումարին կմասնակցե՞ն, Լևոն Զուրաբյանը նշեց, որ չի կարծում, որ որևէ մի ուժի հրավեր կլինի: «Կարծում եմ՝ իրենք իրենց մեջ պետք է որոշում կայացնեն»,-ասաց նա:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի մասին. ըստ նրա՝ շատ բան է որոշվելու, կմասնակցի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով լուրջ խոսք ունի հանրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել