Կախարդական ԱԲՐԱ-ԿԱԴԱԲՐԱ բառը շատ հաճախ լսում ենք մեր կյանքում աճպարարների կողմից բեմականացված ֆոկուսների ցուցադրման ժամանակ, որին հին ժամանակներում բուժիչ կարողություններ էին վերագրում:

Առաջին հիշատակումը եղել է մ.թ. 2-րդ դարում De Medicina Praecepta կոչվող բանաստեղծական գործի մեջ, որի հեղինակն էր բժիշկ Սերենուս Սամոնիկուսը։
Լինելով Կարակալա կայսեր անձնական բժիշկը՝ Սերենուս Սամոնիկուսը բանաստեղծական ոճով դեղատոմս էր գրել, որտեղ բացատրել էր, որ եռանկյունու տեսքով փորագրված ԱԲՐԱ-ԿԱԴԱԲՐԱ բառով հմայիլ կրողը կբուժվի իր հիվանդությունից: Նա ասում էր, իբր այս հմայիլը նվազեցնում է հիվանդ մարդու վրա հիվանդության ոգու ունեցած ազդեցությունը։ Հայտնի է, որ այլ հռոմեական կայսրեր, այդ թվում՝ Պուբլիուս Սեպտիմիուս Գետան և Ալեքսանդր Սիվերուսը, Սերենուս Սամոնիկուսի բժշկական ուսմունքների հետևորդներն են եղել և ամենայն հավանականությամբ նույնպես օգտվել են այս հմայախոսքից։

ԱԲՐԱ-ԿԱԴԱԲՐԱ բառի մի քանի հետաքրքիր վարկածներ ևս՝

1. Արամերեն լեզվով հնչում է «Ավրահ քեդաբրա» և մոտավոր բառացի թարգմանությամբ նշանակում է «Ասելով արարում եմ»։

2. Բառը կազմված է երկու կելտական խոսքերից՝ «ԱԲՐԱ» - աստված և «ԿԱԴ» ֊ սուրբ։

3. Հնագույն շումերները արտասանել են բառը վանկերով կրոնական հատուկ արարողությունների ընթացքում։

4. Հին եգիպտացիների մոտ «ԱԲՐԱ-ԿԱԴԱԲՐԱ» ենթադրաբար նշանակում էր Ցուլ կամ Աբրակսասա՝ երկնքի աստված։

Հ.Գ. Հուսամ՝ բժիշկներն ու աճպարարներն արդեն կիմանան բառի ծագման մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել