Tert.am-ը գրում է.

Բեռլինի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայում ծնված գործիչ Հաքան Թաշը Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունն արդեն իսկ մարդկության դեմ հանցանք է, և 1915-ին իրականացված տեղահանությունն այդ մարդկանց մահվան ուղարկել է նշանակում»,- ասել է նա:

Նա նշել է, թե փաստաթղթերով պարզ երևում է, որ բռնի տեղահանվածները միայն Արևելյան Անատոլիայում ապրող հայերը չեն եղել: Օսմանյան մեծ քաղաքներում բնակվող հայերն էլ այդ գաղթի մաս են կազմել:

«Դա էլ ապացուցում է, որ հայերի դեմ համակարգված շարժում է տեղի ունեցել»,- ասել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի կառավարության՝ պատասխանատվությունից խուսափելուն ուղղված քայլերին՝ Թաշն ասել է. «Հանրապետության կառավարությունները, անկասկած, այս դեպքի մեջ հանցանք չեն ունեցել, սակայն պատմական պատասխանատվություն ունեն: Պատմության դասագրքերում Օսմանյան կայսրության լավ կողմերն են միշտ գովաբանվում, սակայն պատմության, միայն մեզ ձեռնտու դրվագները ներկայացնելը սխալ է»,-ասել է նա:

Նա իր հայտարարությունը եզրափակել է՝ նշելով, որ Ցեղասպանության 100-ամյակին այն ընդունելը ճանապարհ կբացի երկու երկրների և երկու ժողովուրդների միջև նոր, բարեկամական սերնդի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել