Տարածված մոլորություն կա, թե մենք՝ հայերս, իրար օգնում-սատարում էինք, երբ չկար պետություն, և մենք բոլորս ստիպված էինք հոգ տանել բոլորի մասին: Իսկ հիմա, երբ ունենք պետություն, թող պետությունը մտածի անգրագետին կրթելու, քաղցածին կերակրելու, անօթևանին կացարանով ապահովելու և այլնի մասին: Այո՛, պետությունը ձևավորվում է նաև այդ խնդիրները լուծելու համար, բայց պետության գոյությունը մեզ ավելի քիչ մարդ չի դարձնում, մեր կյանքը, մտքերն ու գործերն ավելի քիչ մարդկային չպետք է դարձնի:
Եթե մենք դադարում ենք մարդ լինելուց և սկսում ենք անմարդկային ձևով մտածել և ապրել, ապա ինչո՞ւ ենք զարմանում, երբ ուրիշներն են սկսում մեր նկատմամբ այդպես վերաբերվել: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ իշխանության ներկայացուցիչը մեր կողքն ապրող մարդու նկատմամբ, ում մենք էլ առանձնապես բանի տեղ չենք դնում, սկսում է անմարդկային վերաբերմունք ցուցաբերել՝ ծեծել, հայհոյել, չարած բանի համար դատել:
Էդ ինչո՞վ է իշխանությունը պարտավոր ավելի մարդկային լինել, քան ինքներս մենք: Բացարձակ պարտավոր չէ: 
Մենք ենք պարտավոր, անկախ ամեն ինչից, մարդ մնալ և ապրել այնպես, կարծես պետություն չկա, և ամեն լավ բան պետք է մենք ինքներս անենք:

Չէ՞ որ դուք պետությունից սեր, երջանկություն, խինդ ու ծիծաղ, իմաստություն, արևոտ եղանակ և լավ տրամադրություն չեք սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել