Էս էլ իմ «հոգու պարտքը»

Քաղաքական իմ դիրքորոշման թիվ մեկ առաջնահերթությունը հետևյալն է՝

Հայաստանը չի դառնա դեմոկրատական, հետևաբար նաև՝ բարեկեցիկ ու հզոր պետություն, եթե ուժով իշխանությունը պահողին չենք հեռացնում, ու ընտրություններով ընդդիմությունը չի գալիս իշխանության (և այդպես շարունակ)։ Անգամ եթե ընդդիմադիր լիդերներն իշխանություններից վատն են, միևնույնն է, երկրի համար ավելի լավ կլինի, որ ընտրություններով այդ վատ ընդդիմադիրները փոխարինեն լավ (բայց ավտորիտար) իշխանություններին։ Իմ կարդացածով՝ սա դասագրքային ճշմարտություն է։

Ավտորիտար ռեժիմից ազատվելը շատ դժվար է առանց այդ ռեժիմի մասնիկներին բաժանելու։ ԲՀԿ-ն ոչ միայն բաժանվել էր, այլև լիարժեք ընդդիմություն դարձավ ինչ-որ պահի։ Միայնակ ժառանգությունը չի կարող հեռացնել ավտորիտար ռեժիմին, ուստի նրանց, ում կարելի էր բերել իշխանություններից ազատվելու դիրքորոշման, փորձ արվեց բերել։ Այդ փորձի ձախողումից Հայաստանը ոչինչ չկորցրեց (որոշ բաներ անգամ շահեց), մինչդեռ եթե 2014-ի սկզբին չգնայինք համագործակցության ուղով, որևէ այլընտրանք չկար, որով հնարավոր կլիներ ազատվել իշխանությունից։ Հետևաբար եթե անգամ փոքր հավանականություն կար, որ ԲՀԿ-ի հետ մի բան կստացվի, պետք էր այդ հնարավորությունը բաց չթողնել (ինչն էլ արվեց)։ Թե չէ միշտ կասկածն ու մեղադրանքը մնալու էր, թե կար հնարավորություն, որից չօգտվեցինք։ Առավել ևս, որ այն մարդիկ, ովքեր դեմ էին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը (Նիկոլը, Զառան․․․), իշխանությունից ազատվելու որևէ առարկայական, թեկուզ փոքր հավանականությամբ մոտեցում չունեին ու հիմա էլ կարծես թե չունեն։

Ամեն դեպքում ես հակված չեմ Նիկոլին ու մյուսներին մեղադրելու իշխանության պրոյեկտ կամ սպասավոր լինելու մեջ (եթե կան մարդիկ, որ հատուկ ինֆորմացիա ունեն, թող հրապարակեն, իմանանք)։ Ավելին, մենք ձախողվել ենք մեր ընտրած մեթոդում, թող իրենք խելամիտ լուծումն առաջարկեն, մեկը ես կաշխատեմ այդ ուղղությամբ։ Օրինակ՝ այն, որ կուսակցությունների ներսում հանրահավաքների մասին ու ընդհանրապես ցանկացած որոշում պետք է խմբերով կայացնեն, ոչ թե լիդերներով, շատ լավ միտք է․ 2013-ի դեկտեմբերի 2-ի ցույցը մենք՝ անփորձ ջահելներով, հենց էդ ձևով արեցինք, դրա համար էֆեկտ եղավ։ Բայց դա բոլորովին էլ բավարար չէ իշխանափոխության, այն էլ՝ արտահերթ տանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել