Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագծի քննարկմանը նշեց, որ օրենքի նախագծում կոնցեպցիա է փոխվել և այլընտրանք է մտել, որը նախկինում չկար: Նա հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հարցրեց, որ նա ո՞ր տարբերակը կընտրեր այս և նախորդ օրենքներից։

Բացի այդ, ՀԱԿ պատգամավորը նկատեց, թե նախորդ օրենքի համար հիմնական փաստարկ էր բերվում այն, որ նախագիծը ստվերի դեմ պայքարի լուրջ գործիք է և հարցրեց, թե արդյոք այս տարբերակով այդ գործիքից չեն զրկվո՞ւմ:

Նախարարը հավատացրեց, որ նախագծի կոնցեպցիան ըստ էության չի փոխվել։

«Որովհետև  մեր նպատակը մնում է փաստաթղթաշրջանառության ապահովումը»,-ասաց նա և հավելեց, թե քաղաքականությունը նպատակին հասնելու միջոցների և մեթոդների ընտրություն է, և տվյալ ժամանակում իրենք կանգ են առել տնտեսական շարժառիթի վրա։

«Այո, այլընտրանք կա և այլընտրանքն ավելի շատ տնտեսական է, իսկ տնտեսական շարժառիթն ավելի գործուն է, քան վարչականը»,-ասաց նա:

Ընտրելու դեպքում նախարարը նշեց, թե կընտրեր այն, ինչ ներկայացրել են. «Որովհետև ըստ էության փաստաթղթաշրջանառության պահանջից սա հետ քայլ չի»:

 Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ըստ նախարարի, այս տարբերակով շատ ավելի էֆեկտիվ կարող է լինել. «Որովհետև տվյալ սուբյեկտն այլևս կաշկանդված չէ շրջանառությունը ցույց տալու, որովհետև շեմը չի անցնում և թաքցնելու շարժառիթ չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել