Ամեն ինչ սկսվեց երեկ, երբ ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այդ նախագծի հետ կապված բազմաթիվ անհասկանալի հարցեր կան, ու որ այս նախագծի ընդունումը ռիսկեր է պարունակում: Նախագիծն, այդուհանդերձ, առաջին ընթերցմամբ անցավ:
Օրենքի նախագծի մասին երկար չխոսելու համար նշեմ, որ ինչպես ընդդիմադիր պատգամավորները, ես նույնպես, կարծում եմ, որ փորձ է արվում օրենքի ուժով հնարավորություն տալ մեկ-երկու տնտեսվարող սուբյեկտների տնօրինել Հայաստանում արտադրվող ամբողջ արտադրանքին, իսկ բոլոր արտադրողներին ու արտահանողներին կախվածության մեջ գցել այդ մեգասուբյեկտներից: 
Այլ խոսքով՝ այս նախագծի ընդունմամբ արհեստական պայմաններ են ստեղծվում արտահանումը մոնոպոլացնելու համար, որն ապահովելու է գերշահույթներ 1-2 կազմակերպությունների համար: Նշեմ, որ օրենքի նախագծով շահութահարկը ծրագրվում է նվազեցնել 20-ից 2 տոկոսի միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից ավելի են արտահանում։ Խաղի կանոնները պետք է բոլորի համար հավասար լինեն: Եթե նպատակ է դրված խթանել արտահանումը, ապա պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որ ոչ թե 1,2֊ը, այլ բոլորը կարողանան օգտվել արտոնություններից:
Այսօր առավոտյան Ազգային Ժողովում այս օրենքի շուրջ կրքերը կրկին թեժ էին: Նախագծի վերաբերյալ «Օրինաց երկիր» խմբակցության բացասական տեսակետը ներկայացնելուց հետո Հեղինե Բիշարյանը հորդորեց պատգամավորներին չմասնակցել նախագծի քվեարկությանը: Այնուհետև ՀՀԿ խմբակցության տեսակետը հայտնեց Վարդան Այվազյանը, ով կողմ էր նախագծին, խոսեց նաև Հրանտ Բագրատյանը, ով նույնպես դեմ էր նախագծին: 
Այդուհանդերձ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օրենքի քվեարկությունը հետաձգեց և հորդորեց Վարդան Այվազյանին, որ պատգամավորների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկում կազմակերպի:
Ես կարծում եմ, որ պետք է արժանին մատուցել Հեղինե Բիշարյանին, մյուս ընդդիմադիր պատգամավորներին, որոնք, այդուհանդերձ, կարողացան հասնել նախագծի քվեարկման հետաձգմանը: Հուսանք՝ այն քննարկումներից հետո այլ տեսք կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել