Tert.am-ը գրում է․

ԱԺ-ում քննարկման է դրվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագիծը և հարակից մի շարք օրենքի նախագծերի փաթեթ: Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե օրենքի անհրաժեշտությունը բխում է մի քանի կարևոր հանգամանքներից:

«Առաջին խնդիրը, որ լուծում է փաթեթը, այն է, որ ՀՀ-ում ՓՄՁ-ները կամ առևտրի օբյեկտները հիմնականում պետք է հնարավորություն ունենան գոյություն ունեցող օրենքի շրջանակներում ապահովել զուտ շահույթ և հետագայում՝ զարգանալու հնարավորություն»,-ասաց նա:

Ճշմարիտյանը նշեց, որ ծախսերի և եկամուտների հաշվարկներում դրված է շատ միջինացված թիվ, ըստ որի՝ ՀՀ-ում շրջանառության շեմը համարվում է 113 400 000 դրամը:

Նախարարը նաև նշեց, որ հաշվարկները ցույց են տվել, որ 2008-15թթ-ին գնաճը եղել է 63%.«Այսինքն՝ առաջին փաստարկը, որ պետք է վերանայենք այս շեմը, բխում է այդ մոտեցումից, երկրորդը՝ շահույթ ապահովելուց»:

Երրորդը՝ փաստաթղթաշրջանառության կիրառումն է. «Հաշվի է առնված՝ ստեղծել շարժառիթ, որ փոքր ձեռնարկատերը շահագրգռված լինի ձեռք բերել փաստաթուղթ և հնարավորություն ունենա ավելի մեծ շահույթ ստանալ ընտանիքի շանսերը հոգալու համար»։

Հաջորդ պարտադիր պայմանը, որին համաձայնել են ոլորտի ներկայացուցիչները, հսկիչ դրամարկղային ծառայությունների առկայությունն է, որտեղ ամեն ինչ ֆիքսված է և ուղղակի ռեժիմով կապված հարկայինի հետ:

Նախարարը նշեց, որ մի քանի այլ խնդիրներ էլ կան, և որ ցանկանում են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ միասին հարցերը կարգավորել, գալ համաձայնեցված տարբերակի, որը կբխի և՛ բիզնեսի, և՛ կառավարության, և՛ պետության շահերից և կբերի տնտեսական ակտիվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել