Մենք չենք սիրում տգետին, բայց խելոքին՝ առավել ևս: Կամ՝ մեզնից խելոքին: Չենք սիրում կարճահասակին, բարձրահասակին, միջնահասակին, Կիկոսի ունեցած հասակն էլ մեր սրտով չէ, թեպետ չգիտենք՝ ինչ բոյի է եղել թումանյանական մտացածին, բայցև այնքան հավերժ ու իրական կերպարը: Չենք սիրում օտարին, մեզ՝ առավել ևս: Չենք սիրում իրապես և ճշմարտապես, որովհետև խախտված է ներդաշնակությունը, և հոմանիշների փոխարեն մենք գործածում ենք հականիշներ, և որ ամենասոսկալին է՝ օգտագործում ենք լռությունն իբրև արհամարանք կամ ատելանք, մեր լռությունն ենք կիրառում ուրիշի դեմ, բայց, առավել աղետալիորեն ու հեգորեն, ինքներս մեր դեմ ենք օգտագործում մեր իսկ անբառակերպությունը....

Մենք չենք սիրում ենք ոչ ՄԵՆՔ-ին, ոչ ԴՈՒՔ-ին, ոչ ՆՐԱՆՑ, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մենք չենք՝ մեր կամքով ու մեր չսիրությամբ: Մենք խորշում ենք թույլից, բայց նույնպիսի ատելանք ենք տածում ուժեղի նկատմամբ, միգուցե՝ մեզնից ավելի ուժեղի:

Մենք չենք սիրում տնանկին, բայց երջանիկ տնավորյալին էլ չենք սիրում, որովհետև նրա երջանկությունը չենք սիրում, և, ի դեպ, սիրում ենք նրա տունը, տնային կարողությունը, քան նրա՝ տուն ունենալու հմտությունն ու կարողությունը, քան նրա հաջողակությունը:

Մենք դատապարտված ենք չսիրել ուրիշի, բայց առավել մեր հաջողություները, որովհետև դրանցից առաջինի դեպքում տեսնում ենք այլ հանգամանքներ, տողատակ ու ոչ արդարացիություն, իսկ մեր պարագայում՝ մեր արժանիքների համեմատ ցածր համարժեքություն: Չաշխատողը մեր սրտով չէ, աշխատողն՝ ավելի, քանի որ ենթադրում ենք, որ սույնն իր տեղում չէ, կամ, ավելի հիստերիկ ու անողջամիտ տրամաբանությամբ՝ աշխատում է այնտեղ, որտեղ մենք պիտի աշխատեինք:

Մենք սիրում ենք խոսել սիրո մասին, մենք տեսաբաններ ենք ու «սիրասուն ակադեմիկոսներ», բայց մենք այդպես էլ սիրված կամ անսեր մսացուից անդին չենք անցնում, քանի դեռ չենք սիրում Արարված յուրաքանչուրին՝ իբրև մեր համակեցության ու ներդաշնակության բաղադրապայման…

Ա.Ա (c)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել