Tert.am-ը գրում է.

Բնական է, որ Եվրամիությունը` կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, ցանկանում է իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ հատկապես գազի մատակարարման բնագավառում,  բավականաչափ թուլացնել, այդ իսկ պատճառով փնտրում է գազի մատակարարման այլ ուղիներ, որոնցից մեկը Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ գազի համապատասխան պայմանագրերի կնքումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ԵՄ-ի` Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրությանը:


«Դա մեծավմասամբ PR նշանակություն ունի, որովհետև ԵՄ-ի կախումը` Ռուսաստանի գազի մատակարարումից բավականին մեծ է և որքան էլ փորձեն այլընտրանքային ճանապարհներ գտնել, բավական երկար ժամանակ այդ կախումը քչացնել չի հաջողվելու»,- ասաց նա: 


Արմեն Բադալյանը նկատեց նաև, որ Ռուսաստանն էլ իր հերթին Ուկրաինային փոխարինելու այլընտրանքային ճանապարհներ է կառուցում ու այդ պատճառով «Հարավային հոսքը» (գազամուղ) փոխարինեց «Թուրքական հոսքով» և փաստորեն ստացվում է, որ ԵՄ-ն ստիպված է գազ ստանալ արդեն Թուրքիայից:


«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքմենստանին, ապա ԵՄ-ն կարող է նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքմենստանը և Ադրբեջանն ունենան գազի համապատասխան ծավալ, որպեսզի փոխարինեն Ռուսաստանին: Իսկ այդ ծավալը նրանք չունեն, քանի որ Թուրքմենստանի գազի մեծ մասը գնում է Չինաստան, և նաև նոր նախագծի համաձայն պետք է մատակարարեն Պակիստանին ու Հնդկաստանին: Ադրբեջանի գազն այնքան չէ, որքան ներկայացվում է, և այդ պատճառով ԵՄ քաղաքականությունն իրականում PR նշանակություն ունի և չի կարող առաջիկա 30 տարում թուլացնել ռուսական գազից իր կախումը: Ավելին` ԵՄ-ն նպատակ ունի է՛լ ավելի շատ գազ գնել Ռուսաստանից, որովհետև մոտակա 25-30 տարում նա չի գտնելու որևիցե այլընտրանքային լուրջ մատակարար»,- ասաց նա:


Հարցին, թե մի կողմից ԵՄ-ի հետաքրքրությունն է Ադրբեջանի նկատմամբ մեծանում, իսկ մյուս կողմից Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն են խորանում, սա ինչ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Բնական է, որ դա բացասական պետք է անդրադառնա, որովհետև հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկացած հարց օգտագործում է Ղարաբաղի հարցում իր համար դրական լուծումներ ստանալու նպատակով: Այդ իսկ պատճառով գազամատակարարման հարցում, եթե նույնիսկ Ադրբեջանը շատ փոքր չափով կարողանա փոխարինել ռուսական գազին,  ապա նա դա կօգտագործի Ղարաբաղի հարցով իր համար ցանկալի որոշումներ ԵՄ-ից պոկելու համար, ինչը նրան հաջողվում է»: Նա նաև նշեց, որ չնայած դրան` Ադրբեջանից դեպի ԵՄ գազի մատակարարման բանակցություններն այդքան էլ հաջող չեն ընթանում, այն պատճառով,որ Ադրբեջանն այդքան ծավալ չունի:


«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը անորոշ է, ապա Հայաստանի իշխանությունները չեն կարող համարժեք քաղաքականություն իրականացնել և փորձել չեզոքացնել Ադրբեջանի հնարավոր հաջողությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում է`Ղարաբաղի կոնտեքստում»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է նրան, որ ԵՄ-ի ռազմավարությունը ենթադրում է 2030-ին Էներգետիկ միության ստեղծել, քաղաքագետն ասաց, որ դեռ մինչ 2030 թվականը շատ քաղաքական իրադարձություններ տեղի կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել