Հետաքրքիր է, մինչև ե՞րբ է շարունակվելու հայկական սադոմազոխիստական «Հարազատ թշնամի» սերիալը: Իբր կյանքում քիչ են մարդիկ ականատես լինում սպանությունների ու ինքնասպանությունների, հիմա էլ ամեն օր ֆիլմում պետք է ականատես լինեն, թե ոնց են ոխերիմ խնամիներ Կարպիչն ու Յուրի Բալայանը միմյանց հոշոտում, իրար վրա հարձակվում ու սպառնում իրար «արուն խմել»: Կամ էլ թե չէ աները փեսային անվերջ «մեծարում» է «դեբիլ» ածականով... Համա թե կերպարներ են հա՜... Խնամին խնամու մորն սպանել է, հետո որպես «պարտքի զգացում»՝ դստերն ամուսնացրել է նրա որդու հետ, իր որդուն էլ՝ նրա դստեր հետ: Հետո էլ, երբ արդեն երկճյուղանի խնամիական կապերից երեխաներ են ծնվել, խնամու հորն է մահվան դուռը հասցնում, հետո իր իսկ փեսային է պատանդ վերցնում.... Եվ այս կարգի բազում արնախում տեսարաններ: Այս ամենի հետ մեկտեղ գրեթե ամեն օր անարգվում է «մայր» հասկացողությունը. տարիներ առաջ իրենց մոր կողմից ճակատագրի բերումով լքված երեխաները համառորեն չեն ուզում ներել իրենց ապաշխարած մորը, որ երկար տարիներ հիվանդանոցում է եղել, ու անվերջ դատափետում են, անպատվում, անգամ բռնության ենթարկում ու անվասայլակին գամվելու հասցնում: Նույն սերիայի մեջ մի օրում և ինքնասպանության տանջալի փորձ է ներկայացվում, և մահամերձ հիվանդ, մերթընդմերթ էլ հերոսներից մեկնումեկը հայտնվում է կամ հիվանդանոցում՝ կոմայի մեջ կամ գամվում է անվասայլակին: Ու այս ամենը հիստերիկ ճչոցներով, գոռգոռոցներով ու հիշոցներով, զազրախոսությամբ, հայհոյանքով: Որոշ դերասաններ էլ, երբ որ արտասահմանյան սերիալներում թարգմանելու գործ չեն ունենում, տևական անհայտությունից հետո կրկին հայտնվում են այդտեղ ու ներկայանում իբրև տևական շրջագայությունից վերադարձած կերպար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել