Tert.am-ը գրում է.

Քանի որ իշխող քաղաքական ուժն  արդեն հանրությանը հայտնում է, որ «պատրաստվեք դիմավորել սահմանադրական փոփոխությունների տեքստը», ուստի Tert.am-ը փորձեց Հայաստանի ներքաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերից հարցման միջոցով պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն նախագծի նկատմամբ:


Նշենք, որ «կողմ» և «դեմ»-երի հետ միասին կա սպասողական դիրքորոշում. կներկայացվի փաստաթուղթը կքննարկեն։


Կո՞ղմ է, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցությունը: ՍԴՀԿ ատենապետ  Նարեկ Գալստյանը տեղեկացրեց, որ կողմ են:


«Մենք կողմ ենք մեր երկրում համակարգային փոփոխություններին, և կարծում եմ, որ այդ փոփոխությունները կարող են լինել նաև սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: Դեռևս ամբողջությամբ փաթեթին ծանոթ չենք, ուստի վերջնական կարծիք կարող ենք հայտնել ծանոթանալուց հետո: Բայց  որ Հայաստանում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ և այդ համակարգի արդյունքում երկրում իսկապես կարող են լինել դրական առաջընթացներ, դա եղել է և կա մեր տեսլականն արդեն տասնյակ տարիներ»,- ավելացրեց Նարեկ Գալստյանը:

Նրա ամփոփմամբ՝  ավելի ժողովրդավար մեթոդ, քան խորհրդարանական կառավարման համակարգն է, դեռևս աշխարհի քաղաքական միտքը չի կարողացել հնարել: Կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ կլինի և կհրապարակվի:

Կո՞ղմ է, թե դեմ սահմանադրական փոփոխություններին  «Քաղաքացիական պայմանագիր»  հանրային-քաղաքական միավորումը: Միավորման  անդամ Ալեն Սիմոնյանի՝ Tert.am-ին տված պատասխաններից ակնհայտ է, որ դեմ են:

«Մենք ժամանակին ասել ենք, որ դեմ ենք, եթե դա արվում է իշխանությունը պահելու համար: Մեր երկրում հիմա դա չէ, որ հարց է լուծելու և դա չէ, որ ամենակարևոր խնդիրն է, կարևորը, որ օրենքը գործի: Ու այնպես չէ, որ բոլոր խնդիրների պատճառը նախագահական կառավարման  ձևն է»,- ավելացրեց  Ալեն Սիմոնյանը:

Կուսակցությունում տիրող տրամադրությունների վերաբերյալ համանման դիրքորոշում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը ՝Tert.am-ի հետ  զրույցում: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատների» գնահատմամբ՝ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք ամենևին չկա, քանի որ դա չէ մեր պետության թիվ մեկ խնդիրն ու հրամայականը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տիրող այսօրվա վիճակի պատճառը Սահմանադրությունը չէ: Արտագաղթի, աղքատության տեմպերի աճի, քաղաքական և տնտեսական դաշտում մրցակցության իսպառ բացակայության պատճառները պետք է փնտրել ոչ թե Սահմանադրության, այլ այսօրվա քաղաքական համակարգի մեջ»,-  ասաց կուսակցության մամուլի քարտուղարը:

Նա նաև նշեց, որ անգամ ամենալավ օրենքները առ ոչինչ են, եթե մնում են թղթի վրա և չեն գործում, իսկ այսօր Հայաստանում օրենքները կիրառվում են կամայականորեն և ցանկացած կատարյալ Սահմանադրություն չի կարող փոխել ներկայիս իրավիճակը:

Ինչ վերաբերում է կառավարման մոդելի ընտրությանը, ապա նա ասաց. «Իհարկե, կառավարման մոդելը կարևոր է, սակայն այն, թե աշխարհաքաղաքական որ համակարգում ես դու պատկերացնում քո պետության ապագան, թե ինչ քաղաքական մշակույթ ես ուզում ձևավորել քո երկրում` հետադիմակա՞ն, թե՞ համամարդկային արժեհամակարգի վրա խարսխված, սա ևս առաջնային հարց է և կարելի է ասել ՀՀ զարգացման կարևորագույն բաղադրիչն է»:


Tert.am-ի հետ զրույցում «Հայոց համազգային շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումը կախված է վերջնական փաթեթից, որպեսզի կարողանան դրա շուրջ քննարկում ծավալել և վերջնական դիրքորոշում հայտնել

Ի պատասխան հարցի, թե այսինքն՝ սկզբունքորեն կողմ կամ դեմ լինելու խնդիր չկա, Կարեն Կարապետյանն ասաց.«Կուսակցության անդամները կարող են առանձին կարծիք ունենալ, որոնք, ըստ էության, հնարավոր է տարբերվեն մեկը մյուսից, բայց վերջնական վարչության որոշումը կլինի, երբ փաթեթը առկա լինի»:

Կո՞ղմ, թե դեմ. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Tert.am-ի զրույցում հարցին չկարողացավ պատասխանել, քանի, որ հարցի հետ կապված կուսակցությունը դեռևս որոշում չունի, նախ այն պատճառով, որ հարցը կուսակցության քաղաքական խորհրդում չի քննարկվել:

Այնուամենայնիվ, կուսակցության նախագահի տրամադրությունն ավելի շատ դեմ կողմնորոշումների մասին է վկայում, քանի որ ասաց. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախ դեռևս վերջնական չէ, կարող է փոփոխվել, երկրորդ՝ հրատապության առումով կարիք չի եղել անդրադառնալու: Բացի այդ, եթե հայեցակարգում ներառված է անցումը խորհրդարանական կառավարման ձևին, ապա դա ենթադրում է կայացած քաղաքական դաշտ, սակայն քաղաքական դաշտը կայանում է այն ժամանակ, երբ կա ընտրական համակարգ: Քանի որ Հայաստանում ընտրական համակարգն իսպառ բացակայում է, դրա համար մենք գտնում ենք, որ դեռևս անհրաժեշտություն չկա չկայացած քաղաքական դաշտով, գոյություն չունեցող ընտրական համակարգով անցում կատարել խորհրդարանական կառավարման»:

Քանի որ «Ազգային ժողովրդավարների միության» նախագահ Վազգեն Մանուկյանը չպատասխանեց Tert.am-ի հեռախոսազանգերին, ներկայացնում ենք նախորդ տարվա ամռանը այս հարցի հետ կապված նրա դիրքորոշումը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Մասնավորապես, Վազգեն Մանուկյանը նշել էր, որ թեև որպես ԱԺՄ նախագահ ինքը մշտապես կողմնակից է եղել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, բայց այս պահին այդ մոդելին անցում կատարելը և երկրի նախագահի ընտրությունը խորհրդարանին հանձնելը կարող է «ունքը դզելու տեղը աչքն էլ հանել»։ Սակայն նաև ավելացրել էր, որ այդ փոփոխություններն անելով՝ Նախագահը ցանկանում է, որ Հայաստանը չդառնա թագավորական երկիր:

Խորհրդարանի ներսում միանշանակ կողմ և դեմ քաղաքական ուժերն արդեն իսկ հայտնի են: Այսպես. սահմանադրական փոփոխություններին միանշանակ կողմ են Հայաստանի  Հանրապետական,  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, միանշանակ դեմ՝ «Բարգավաճ Հայաստանը»  (գոնե քանի դեռ ԲՀԿ նախագահն է Գագիկ Ծառուկյանը և առկա է ներկա քաղխորհուրդը), «Հայ ազգային կոնգրեսը» և «Ժառանգությունը»:

Ակնհայտ է, որ  ԱԺ «Հանրապետական» խմբակցության կազմում գտնվող պատգամավորների գլխավորած քաղաքական կուսակցությունները ևս կողմ կարտահայտվեն: Դրանցից է օրինակ՝ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը», որի նախագահ Խոսրով Հարությունյանը  Tert.am-ին հայտնեց, որ իրենք կողմ են:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա կուսակցությունից ևս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, և կարող ենք արձանագրել, որ հստակ կողմ կամ դեմ դիրքորոշումներ չեն արտահայտվել առ այս պահը:

Ներկայացնում ենք Armtimes.com-ում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարի՝ 2014-ի ամռանը տված  պատասխանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

«Ցանկացած բարեփոխում մեզ համար առաջնային է և ընդունելի, եթե դա չի արվում ինքնանպատակ, բարեփոխում հանուն բարեփոխման սկզբունքով: Մեզ համար կարևոր է բարեփոխման բովանդակային կողմը, թե իրականում ինչ է այն մեզ տալու, ինչ կոնկրետ արդյունքներ է տալու, ինչպիսի առաջընթաց, զարգացում է ապահովելու, առավել ևս, երբ դա վերաբերում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխությանը: Այնպես չի, որ սահմանադրությունների հաճախակի փոփոխություններով երկրում կարելի է դրական առումով արմատական փոփոխություններ անել»,- ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել