Այս կիրակի կլրանա 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած և մեր տասը հայրենակիցների կյանքն արժեցած ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցը: Եվ, ինչպես անցած տարիներին, այս անգամ ևս Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրել: Ուստի, նախ, ընթացիկի մասին: 
Հանրահավաքը տեղի է ունենալու վերջին ներքաղաքական զարգացումների ու, փաստորեն, արդեն նախկին եռյակի համար շոկային հանգուցալուծումից գրեթե անմիջապես հետո: Հասկանալի է, որ նախորդ տարիների համեմատ, երբ հիմնական շեշտը 2008-ին կատարվածի, սպանությունների բացահայտման և զոհվածների հիշատակը հարգելու վրա էր դրվում, այս անգամ ելույթներում կգերակայեն ընթացիկ քաղաքական իրավիճակին վերաբերող դատողություններն ու գնահատականները: 
Մի կողմից, հաշվի առնելով, որ նախկին եռյակի նախաձեռնած փետրվարի 20-ի հանրահավաքը կազմակերպիչներից մեկը չեղյալ հայտարարեց, որ հնարավոր է, որ մարտի 1-ին հրապարակը մի փոքր ավելի բազմամարդ լինի, քան սովորաբար լինում է ՀԱԿ-ի նման այլ միջոցառումների դեպքում:
Թեպետ, մյուս կողմից էլ, պետք է նկատի ունենալ հասարակության մի որոշակի հատվածի, ինչպես քաղաքագետներն են ասում՝ «բողոքական ընտրազանգվածի» հիասթափությունը եռյակից ու ԲՀԿ-ից, քաղաքական ուժերից առհասարակ, նաև ԲՀԿ-ի ներկայիս «խառը վիճակը» պետք է հաշվի առնել: Պարզ ասած՝ «միտինգին մարդ բերելու» պահն այս անգամ չի լինելու: 
Ի լրումն, «Ժառանգությունն» էլ, գրեթե ամբողջ ղեկավար կազմով, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, մարտի 1-ին լինելու է սահմանամերձ Չինարիում: Այսինքն՝ առաջիկա հանրահավաքում այս առումով ՀԱԿ-ը գերազանցապես իր կազմակերպչական և արդկային ռեսուրսների վրա պետք է հույս դնի:
Ընդհանուր առմամբ, կանխատեսելի է, որ ՀԱԿ-ը սկսելու է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ` ի լրումն ամենի, փորձելով դեպի իրեն գրավել հասարակության այն հատվածին, որ հիասթափվել է ԲՀԿ-ից: Եվ դա փորձելու է անել արագ, քանի դեռ վերջինս քաղաքական նոկաուտից հոգեբանական և կազմակերպչական առումներով ուշքի չի եկել: 
Հասկանալի է, որ ՀԱԿ-ը փորձելու է հնարավորինս շտկել, իսկ հնարավորության դեպքում նաև ամրապնդել քաղաքական դաշտում ունեցած դիրքերն ու պահել դրանք: Երկու տարի հետո նախատեսված խորհրդարանական ընտրությունները ոչ ոք չեղյալ չի հայտարարել: 
Ինչ վերաբերում է 7 տարի առաջ տեղի ունեցածին, ապա չնայած այս տարիներին ամենատարբեր գնահատականներ ու բնորոշումներ են հնչել, այդ թվում և մեր օրաթերթի էջերում, առաջին տպավորությունն այն է, որ 2008-ի մարտի 1-ի շատ ու շատ դասեր այդպես էլ անուշադրության մատնվեցին: Այնպես չէ, իհարկե, որ հետևություններ չեն արվել: Արվել են: Այդ թվում՝ իշխանությունների կողմից ևս: Բայց...
Մարտի 1-ը ողբերգական տարբերակով ու դաժանորեն ցույց տվեց, թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական ծայրահեղականությունը, ներքին կյանքում ատելության տարածումը, քաղաքական որոշումներ կայացնողների կողմից արկածախնդիր մոտեցումներ որդեգրելը:
Քաղաքականության մեջ, մանավանդ ներքին կյանքում, արկածախնդրությունը, ավանտյուրիզմը բացասական երևույթներ են առհասարակ: Իսկ կոնկրետ մեր երկրի ու հասարակության համար, այսինքն՝ մեր իրողությունները, պայմաններն ու նաև արտաքին մարտահրավերները նկատի ունենալով, կարելի է ասել, որ արկածախնդիր մոտեցումներն ուղղակի կործանարար կարող են լինել, ըստ որում՝ անխտիր բոլորի համար: 
Հետևաբար հիմնական «դասերից» մեկն այն է, որ քաղաքական գործիչները, ուժերը պետք է կարողանան իրենց գործունեությամբ ձերբազատվել արկածախնդիր մոտեցումներից: Անցած 7 տարիներին, բարեբախտաբար, հիմնականում հաջողվել է խուսափել այդօրինակ դրսևորումներից: Եվ այս տեսանկյունից «դասը» մասամբ քաղված է: 
Մյուս կողմից, եռյակ կազմած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այս օրերին պատրաստվում էին «մարդկանց հանել փողոց», ինչպես հընթացս ակնհայտ դարձավ՝ չունենալով գործողությունների քիչ թե շատ հաշվարկած ընթացք, ծրագիր կամ դեպքերի զարգացման որոշակի սցենարներին համապատասխան տարբերակներ: Մեր կարծիքով, դա, ի վերջո, արկածախնդիր մոտեցում էր: Առնվազն՝ անպատասխանատու: Եվ լավ է, որ դեպքերն օրերս արձանագրված տարբերակով հանգուցալուծվեցին: 
Սակայն դրանից ամենևին չի հետևում, որ մեր իրականության մեջ չկան կամ «իքս պահին» չեն գտնվի արկածախնդրության դիմելու պատրաստ քաղաքական դեմքեր: Այդօրինակ դրսևորումների սիրահարների կամ նման գայթակղությունների «դեմն առնելու» առավել նախընտրելի տարբերակն այն է, որ խնդիրները քննարկվեն, ու դրանց լուծումները գտնվեն գերազանցապես քաղաքական հարթակներում, քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության պայմաններում, քաղաքական ուժերի և գործիչների, գոնե արտաքուստ կամ նվազագույն չափով փոխադարձ հարգալից պահվածքով: 
Բացի նրանից, որ առնվազն վերջին երկու տասնամյակում մեր երկրում ներքաղաքական գործընթացները խմորվում են դիմացինին վերացնելու տրամաբանությամբ, մեր քաղաքական դեմքերը կարողանում են այդ ամենը նաև անձնավորված թշնամանքի վերածել, ինչը, իհարկե, երկիրն ու հասարակությանը ոչ մի լավ տեղ չի կարող տանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել